Արայիկ Հարությունյանը պարտավոր է գոնե մի քիչ տղամարդկություն գտնել իր մեջ և հրաժարական ներկայացնել. Դավիթ Սահակյանց (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը պարտավոր է գոնե մի քիչ տղամարդկություն գտնել իր մեջ և հրաժարական ներկայացնել. Դավիթ Սահակյանց (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց նստացույց իրականացնող երիտասարդներին և ուսանողներին այսօր այցելել էր ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ քննարկելու մշակույթի ոլորտում առկա խնդիրները:

«Ցանկացած մարդ, ով գոնե մի քիչ մտահոգ է այն ամենով, ինչը կատարվում է այսօր, կարծում եմ՝ պետք է ներկա լինի այստեղ, կանգնի երիտասարդների կողքին: Սա պարտադիր մասնակցության տեղ է, ոչ թե հրավեր ընդունելու»,- ասաց Դավիթ Սահակյանցը:

Ռեժիսորին մտահոգում է իշխանությունների կողմից Հայաստանը գլոբալիզացիայի ճանապարհով տանելու հանգամանքը: Գլոբալիզացիան, նրա խոսքով, ազգայինը ոչնչացնելու ճանապարհն է:

«Կան ուժեր, որոնք փորձում են ամեն կերպ աջակցել այդ գլոբալիզացիայի տարածմանը: Առաջին հարվածը հասցվում է մշակույթին, քանի որ մշակույթի միջոցով է քարոզվում այս կամ այն գաղափարը: Եվ այն գաղափարները, որոնք այսօր առաջ են եկել, անդրադառնում են նաև հայկական մշակույթի դեմ արշավին: Վստահ եմ՝ սա ուղղորդվող պրոցես է, կա կոնկրետ նպատակ՝ մեզ բոլորիս մեր նախնիների հետ կապող թելերը ջնջելու և ամեն ինչը հարմարացնելու մեկ ստանդարտի: Սա մեծ ծրագիր է, որն իրականացվում է ամբողջ աշխարհով»,- նշեց նա:

Հիշեցնենք նաև, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ և «Մել» ֆիլմի ֆինանսավորումը, որի համար էլ հատկացվել է 20 մլն դրամ: Դժգոհության առիթ է նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

«Ես համարում եմ, որ Արայիկ Հարությունյանը պատվեր է կատարում: Այն ուժերի պատվերը, ովքեր կանգնած են նման նախագծերի հետևում: Դրանք տարատեսակ լոբբիստական խմբեր են, մարդիկ, ովքեր օգնել են այս իշխանությանը գալ, նստել աթոռներին: Այսօր այդ մարդիկ դնում են իրենց պահանջները: Կամ դասախոսներին կանչել է Արայիկ Հարությունյանը և իրեն այնպես է պահում, որ զարմանում ես՝ ինչպես կարող է մարդն այդքան ցինիկ լինել և այդքան ատել այն ամենը, ինչի մասին ստիպված է խոսել: Ինքնահաստատվելու փոխարեն ավելի լավ է երկիրը կառուցեն, շենացնեն»,- ասաց Դավիթ Սահակյանցը:

Ըստ Դավիթ Սահակյանցի՝ ամենամեծ խնդիրը ներկայիս իշխանությունների՝ բոլոր շերտերում պառակտումն է, որը բերելու է սարսափելի սցենարների: Նրա կարծիքով՝ պատերազմական վիճակում, սոցիալական վատ վիճակում գտնվող երկրում իշխանությունների առաջնահերթ անելիքը պետք է լիներ համախմբումը, ոչ թե պառակտումը:

«Մենք դեռ չենք ապրում այն վերջնական դիկտատուրայում, որին այսօրվա իշխանությունը ձգտում է, բայց մենք այսօր ունենք հնարավորություն բարձրացնելու մեր ձայնը, համախմբվելու ազգային գաղափարների շուրջ»,– ասաց մուլտիպլիկատորը:

Դավիթ Սահակյանցը նաև նկատում է, որ ներկայիս իշխանությունների կողմից հեղափոխության ժամանակ տրված խոստումները, արված հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում. «Մարդիկ, երբ հասնում են իշխանության, մոռանում են առհասարակ ինչի համար և ինչպես են եկել իշխանության: Հաշվի չառնել մշակույթի գործիչների, սպորտային կազմակերպությունների հայտարարությունները, երիտասարդներին, որոնք պայքարում են. էլ ինչի համար էիք գալիս իշխանության: Ձեր խոստումը եղել է՝ դուք եք որոշելու, բարի եղեք այդ խոստումը կատարելու: Համոզված եմ՝ մեծամասնությունը դեմ է այն ամենին, ինչը քարոզվում է և Արայիկ Հարությունյանը պարտավոր է գոնե մի քիչ տղամարդկություն գտնել իր մեջ, գնալ այդ քայլին և հրաժարական ներկայացնել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում