«Փաստ». Արհամարհական վերաբերմունք և սպառնալիքներ

«Փաստ». Արհամարհական վերաբերմունք և սպառնալիքներ

«Կրթության և գիտության ոլորտում լուրջ խմորումներ են ընթանում։ Դասախոսների և ուսանողների հիմնական մտահոգությունները կապված են «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու հավանականության հարցերի հետ։

Խնդիրն այն է, որ այս փոփոխությունները նախատեսվում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով, որի կազմման գործում գիտության ներկայացուցիչները իրենց մասնակցությունը չեն ունեցել։

Եվ պատահական չէ, որ նշված թեմայի ծավալումը հանգեցրեց նրան, որ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ սկսեցին և բողոքի ակցիաներ կազմակերպեցին, իսկ դասախոսները նախազգուշական գործադուլ արեցին` միանալով ուսանողների դասադուլին։ Այսպիսի բողոքի դրսևորումների արդյունքում ավելացավ այն մարդկանց թիվը, որոնք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ են դնում։

Ի պատասխան ուսանողների և դասախոսների կողմից հնչող մտահոգություններին՝ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե իրենք պատրաստ են տարբեր շրջանակների հետ քննարկումներ ունենալ։

Եվ այս համատեքստում պետք է դիտարկել Արայիկ Հարությունյանի և ԵՊՀ դասախոսների, ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարների ներկայացուցիչների հանդիպումը։

Ուշագրավ է, որ այդ հանդիպման ընթացքում այդպես էլ քննարկում չծավալվեց, դասախոսները ներկայացրին իրենց մտահոգությունները, իսկ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նրանց տեսակետները հաշվի առնելու փոխարեն փորձեց հակադարձել՝ ցույց տալով, որ սկզբունքային հարցերում իրենք չեն պատրաստվում հետքայլ անել և մնալու են իրենց տեսակետին։

Ընդ որում, դա արեց բավականին անհարգալից տոնայնությամբ, նույնիսկ որոշակի արհամարհանքով:

Ինչպես միշտ, իշխանությունները ուսանողների և դասախոսների բողոքները ներկայացնում են այլ համատեքստում, թե իբր դրանցում քաղաքական ենթատեքստ կա, և այն տեղավորվում է ուղղակի դասաժամերի համար պայքարի շրջանակներում։

Նախարարը այդպես էլ հիմնավոր փաստարկներ չբերեց, թե ինչով են հիմնավորված իրենց նախաձեռնած փոփոխությունները, այլ ավելի շատ փորձեց համեմատություններ անել անցյալի հետ կապված, թե ինչո՞ւ անցյալում դասախոսները այդպիսի բողոքի ալիք չէին բարձրացնում, երբ օրակարգում դրված էր օտարալեզու դպրոցների բացման հարցը։

ԿԳՄՍ նախարարը չխորշեց դիմել նաև իշխանության կողմից կիրառվող մարտավարական տրյուկներից մեկին՝ սպառնալ քրեական գործերի հարուցմամբ և կոռուպցիոն բացահայտումներով։ Սակայն այսպիսի վերաբերմունքը գիտնականների ու դասախոսների նկատմամբ անընդունելի է, քանի որ եթե ինչ-որ կոռուպցիոն դեպքեր կան, ապա դա իրավապահների գործն է, իսկ նախարարը իրավունք չունի առանց հիմքերի սպառնալից հայտարարություններ անել։

Արայիկ Հարությունյանը նախարար նշանակվելուց օրեր անց էլ նույն ջանասիրությամբ հայտարարում էր, թե «Այբ» դպրոցում չարաշահումներ են հայտնաբերվել, փորձում էր աղմուկ բարձրացնել, սակայն այդպես էլ չարաշահումներ չհայտնաբերվեցին, և մինչ օրս էլ հասարակությանը հայտնի չէ, թե ինչ չարաշահումների մասին է խոսքը։

Նույն պատմությունն էր նաև ԵՊՀ-ում կատարված չարաշահումների շուրջ ներկայիս իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների հետ կապված։ Սրանից կարելի է հասկանալ, թե նման հայտարարություններն ինչ արժեք ունեն։

Ըստ էության, ԿԳՄՍ նախարարի և դասախոսների հանդիպումը ավելի շատ վերածվեց փոխադարձ մեղադրանքների հարթակի և ցույց տվեց, որ նախարարությունը նպատակ չունի կրթության և գիտության ոլորտում իր քաղաքականությունը կառուցելիս հաշվի առնել ոլորտի մասնագետների կարծիքը։

Ուստի չպետք է զարմանալ, եթե Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքողների քանակն ընդլայնվի՝ ընդգրկելով նաև պրոֆեսորադասախոսական կազմի ավելի լայն շրջանակ։

Իսկ ուսանողներն արդեն հայտարարել են, որ դասադուլը և բողոքի ակցիաները շարունակելու են նոր թափով»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում