2020-ի բյուջեն հեղափոխական անվանելը գեղարվեստական գրականության ժանրից է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

2020-ի բյուջեն հեղափոխական անվանելը գեղարվեստական գրականության ժանրից է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: 2020թ. բյուջեն 2019թ. փաստացի եկամուտների համեմատ աճ չի նախատեսում: «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Եթե վերցնում ենք ՀՆԱ-ի աճը և գնաճը, ՀՆԱ-ն աճելու է 4.9%, գնաճը` 4%, բյուջեն եկամուտներով աճելու է 8.3%: Այսինքն` մեխանիկորեն է աճելու: Որպես արդյունք` բյուջեի եկամուտները ՀՆԱ հարաբերակցությունն է, մնալու է 23.8%, ինչպես 2019-ին: Սա նշանակում է, որ 2020-ին գոնե 1 դրամ ստվերային տնտեսություն չի բացահայտվելու»,-պարզաբանել է Բագրատյանը:

Նրա խոսքով` 1992-2019թթ. 13 տարի շարունակ բյուջեի աճի տեմպը եղել է ավելի բարձր, քան 2020-ին է նախատեսվում, 1 տարի նույնն է եղել, 13 տարի` ավելի ցածր է եղել. «Միջակ ցուցանիշ է Հայաստանի նորագույն պատմության տնտեսական ցուցանիշների էվոլյուցիայի շարքում»:

Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որակմանը, թե 2020-ի բյուջեն հեղափոխական է, Բագրատյանը նշել է. «Գեղարվեստական գրականության ժանրից է` անվանել այս ամենը հեղափոխություն: Ես հեղափոխություն, արմատական շրջադարձ որևէ հարցում չեմ տեսել»:

Ըստ Բագրատյանի` այս իշխանություններն օտարերկրյա պետություններին րոպեական դուր գալու քաղաքականություն են վարում և չեն առաջնորդվում տնտեսական որոշումների տրամաբանությամբ: «Այս պահին Կառավարությունը տնտեսական որևէ քաղաքականություն չունի: Գործերը թողած են ինքնահոսի: Ավելին` Կառավարության վերևը կանգնած վարչապետը, իր երկու տեղակալները չունեն նույնիսկ բազային տնտեսագիտական կրթություն»:

Անդրադառնալով առողջապահության ոլորտի ծախսերին, որոնք 2018-ի համեմատ 2020-ին աճելու են 39.5%-ով, Հրանտ Բագրատյանը նշել է, թե այդ ծախսերն աննախադեպ չեն:

«Նախ` 2019-ի համեմատ ավելանում են 21.9%-ով, դա ամենաբարձր ոլորտն է: Իմ պաշտոնավարման ընթացքում եղել է, որ առողջապահության ծախսերը 1 տարում 3 անգամ ավելացել են: Բայց ինձ հուզում է` առողջապահության նախարարի ինտելեկտը, պոտենցիալ ունի՞ այդ գումարը ծախսելու. պարզվում է` չունի»,- ասել է Բագրատյանը` նշելով, որ առողջապահությունում այսօր պետք է ռեֆորմ արվի:

«Երբ առողջապահությանը բյուջեից ֆինանսավորում ես՝ ոլորտը ամբողջությամբ, ինչը շարունակվում է տարիներ շարունակ, ապա դա ծախսային է: Առողջապահությունը պետք է ՀՆԱ արտադրի, իսկ դրա համար մենք պետք է ֆինանսավորենք հիվանդին: Մենք ֆինանսավորում են հիվանդանոցին, առողջապահական հաստատությանը: Պատահական չէ, որ նախարարը, առանց հասկանալու, իրեն հաշիվ տալու, որ նախարար է քաղաքականություն անելու համար, մի վանկ էր հրապարակել, որ այդ ավելացման հաշվին ևս 20 հիվանդություն կլինի պետության հաշվին: Օրինակ` բոտուլիզմը, մալարիան: Չասենք` դրանք կարևոր են, թե կարևոր չեն, փոքր բաներ են, բայց երբ ավելացնում ես, անվճար ես դարձնում, դրանից օգտվում են և՛ հարուստները, և՛ աղքատները: Պետք է հիվանդին ասել` եթե ես ֆինանսավորում եմ քո հիվանդության բուժումը, դու ընտրիր հիվանդանոցը, որպեսզի մրցակցություն լինի»,- պարզաբանել է նա:

Խոսելով աշխատավարձերի բարձրացմանն ու դրան զուգահեռ գնաճի մասին` Հրանտ Բագրատյանը նշել է. «Շատ հաճախ ինձ թվում է, թե Փաշինյանին ճիշտը չեն ասում, բայց Փաշինյանին այդպես «հարիֆ» պատկերացնել չի կարելի: Փաշինյանը լավ էլ հասկանում է, որ Հրանտ Բագրատյան կա, և իր ասածները պարզապես կջարդի»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում