ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնել տարածաշրջանի ողջ բնակչության կարծիքը

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնել տարածաշրջանի ողջ բնակչության կարծիքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհնար է լուծել՝ առանց բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնության: Պետք է հաշվի առնել տարածաշրջանի ողջ բնակչության կարծիքը: Այս մասին ադրբեջանական կայքին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը՝ անդրադառնալով Երևանում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հնչեցրած «առանց ԼՂ ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չէ» հայտարարությանը։

«Կարգավորման հիմնարար սկզբունքների բոլոր տարբերակների համաձայն՝ փախստականները և ներքին տեղահանված անձինք իրավունք են ստանում վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր և, համապատասխանաբար, մասնակցել իրենց ապագա ճակատագրի որոշմանը: Թե ինչպես այս իրավունքը կիրականացվի և երբ՝ կողմերը պետք է որոշեն»,-ասել է Պոպովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «ԼՂ ժողովրդի» տակ ենթադրվում է տարածաշրջանի ադրբեջանական բնակչությանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ հակամարտության բանակցություններին նաև ԼՂ-ին մասնակից դարձնելու հարցին, Պոպովը նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը բանակցային ձևաչափի վերաբերյալ միշտ եղել է հետևողական և բազմիցս ասել են, որ կողմերը իրենք պետք է համակարգեն և որոշեն մասնակիցների կազմը։ Պոպովն այնուհետ կրկնել է Լավրովի խոսքերը, որ բանակցությունների վաղ փուլերում, երբ դադարեցին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը հանդիսանում էր համապատասխան պայմանագրերի և բանակցությունների կողմ, որոնք սկսվել էին հրադադարի կնքումից հետո: Այնուհետև որոշվել է, որ Երևանը կներկայացնի Ղարաբաղի շահերը: Պոպովի խոսքերով, եթե ժամանակի ընթացքում կողմերը համաձայնվեն ներառել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցային գործընթացում, իրենք կաջակցեն նման որոշմանը:

Բանակցային գործընթացի «արգելակման» մասին հայտարարությունների վերաբերյալ Պոպովն ասել է, որ Ռուսաստանը միշտ էլ ակտիվ միջնորդական դիրքորոշում է ունեցել և որ այս «ձգձգված հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցելը Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական անվերապահ առաջնահերթություններից է:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք այս ուղղությամբ: Ռուսաստանի անմիջական աջակցությամբ ստորագրված փաստաթղթերի թվում է 1994 թվականը հրադադարի մասին համաձայնագիրը, որը դեռ հիմք է հանդիսանում հրադադարի հաստատման համար: Մեր երկրի միջնորդական ջանքերի ճանապարհին կարևոր փուլ էր 2008 թ.-ին ընդունված Մոսկովյան հռչակագրի ընդունումը՝ առաջին և առայժմ միակ փաստաթուղթը, որի տակ ստորագրել են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները: Ինչպես գիտեք, հենց Ռուսաստանն էր, որ որոշիչ դեր խաղաց 2016-ին լայնամասշտաբ ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում ՝ Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր շտաբերի պետերին Մոսկվա հրավիրելով»,-ասել է Պոպովը:

Պոպովը նշել է, որ ընթացիկ տարվա մարտին Վիեննայում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա մշակվել են կոնկրետ առաջարկներ՝ ուղղված բանակցային գործընթացի վերսկսմանը նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Պոպովը նշել է, որ դրանց թվում էր նաև ԶԼՄ ներկայացուցիչների փոխայցելությունները ու այդ հարցում առաջընթաց կա։

Ռուս համանախագահը նշել է նաև, որ Հայաստանի նոր ղեկավարությանը ժամանակ էր հարկավոր՝ հասկանալու համար ղարաբաղյան բարդ գործընթացի բոլոր մանրամասները և այս թեման քննարկվել է Ռուսաստանի արտգործնախարարի վերջին այցի ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում