Ռուս-ուկրաինական երկխոսության համար «կամուրջ» հանդիսանալու մեր հավակնություններն այժմ իրատեսական չեն. փորձագետ

Ռուս-ուկրաինական երկխոսության համար «կամուրջ» հանդիսանալու մեր հավակնություններն այժմ իրատեսական չեն. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության հաստատման համար, հստակեցման կարիք ունի: Այս մասին Times.am-ի հետ զրույցում նշել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:

«Եթե ԱԺ փոխնախագահն ի նկատի ունի միջնորդական առաքելությունը, ապա միջնորդ լինելու համար առնվազն պետք է ունենալ կամ կողմերի վրա ազդեցության որոշակի լծակներ, կամ համապատասխան իմիջ, միջազգային հարաբերություններում միջնորդային առաքելության որոշակի փորձ: Մենք սրանից ոչ մեկը չունենք, ավելին՝ Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, ինչն արդեն որոշակի կանխակալություն է ենթադրում՝ առնվազն ուկրաինական կողմի համար», – նշում է փորձագետը:

Ըստ փորձագետի, եթե կամուրջ ասելով ի նկատի ունենք ռուս-ուկրաինական երկխոսության համար Հայաստանի կողմից հարթակ տրամադրելը, ապա, հաշվի առնելով այսօր հայ-ուկրաինական հարաբերությունների իրական վիճակը, դա ևս քիչ հավանակն է:

«Թեև պետական բարձր մակարդակով հայտարարվում է Հայաստանի և Ուկրաինայի միջև ջերմ բարեկամական հարաբերությունների մասին, սակայն իրականում վերջին տարիներին հայ-ուկրաինական հարաբերություններում որոշակի սառնություն կա, և պարբերաբար ականատես ենք լինում Ուկրաինայի կողմից գործողությունների, որոնք հակասում են հարաբերությունների հայտարարված բնույթին», – նշում է Վարդանյանը՝ հիշեցնելով Ուկրաինայի ԱԳՆ-ն բոլորովին վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք կորոշեն այցելել Լեռնային Ղարաբաղ պետք է առաջնորդվեն Ադրբեջանի օրենքներով:

«Նման պայմաններում այժմ այդքան էլ իրատեսական չէ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության հաստատման հարցում «կամուրջ» հանդիսանալու մեր հավականությունները: Սակայն սա չի նշանակում նաև, որ մենք այս ուղղությամբ ոչինչ չենք կարող անել և պետք է ձեռքերներս ծալած նստենք այնպիսի իրավիճակներում, ինչպես օրինակ Ուղղափառների Միջխորհրդարանական վեհաժողովի Թբիլիսիում կայացած նիստի ընթացքում ռուս-վրացական բախման ժամանակ», – եզրափակեց փորձագետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում