«Մեռիր կամ խոստովանիր». ադրբեջանական բանակում տանջանքների միջոցով փնտրել են Հայաստանի օգտին լրտեսների. BBC

«Մեռիր կամ խոստովանիր». ադրբեջանական բանակում տանջանքների միջոցով փնտրել են Հայաստանի օգտին լրտեսների. BBC

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Կտտանքների ենթարկված տասնյակ մարդիկ, 9 զոհ, 25 մեղադրվող՝ դավաճանության համար. սա 2017 թվականին ադրբեջանական բանակում Հայաստանի օգտին լրտեսների բացահայտելու նպատակով արված գործողությունների արդյունքն է: BBC-ի ռուսական ծառայությունը զրուցել է «Տերտերի գործով» զոհերի հարազատների հետ:

2017 թվականի մայիս-հունիս ամիսներին մեղադրվող զինծառայողներին տանջանքների ենթարկելու մասին լուրերը հասարակությանը հայտնի դարձան միայն այս տարի: Իրավապաշտպանների համաձայն՝ ավելի քան 100 զինվոր և սպա տանջանքների է ենթարկվել, 25-ը դատապարտվել են երկարաժամկետ կալանքի, 9-ը տանջամահ է եղել: Զոհերից 5-ի նկատմամբ առհասարակ քրեական գործ չի հարուցվել:

Զոհերից մեկի՝ ենթասպա Ռուսլան Օջագվերդիևի կինը BBC-ին պատմել է, որ ամուսինը 2017 թվականի հունիսի 15-ին գնացել է ծառայության վայր և այդպես էլ չի վերադարձել: Զինվորականները տեղյակ էին պահել կնոջը, որ իր ամուսնուն տարել են, սակայն ուր և ինչու՝ չեն տեղեկացրել: Երեկոյան զանգահարել են կնոջն ու ասել, որ իր ամուսինը վիրավոր է, իսկ առավոտյան հայտնել են արդեն մահվան մասին: Որպես մահվան պատճառ՝ նշել էին մարզումների ժամանակ սրտի կանգը, սակայն փորձաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը մահացել է «կրծքի վնասվածքից»:

«Նրա բերանը շապիկ են մտցրել, խեղդել են, պահանջել են խոստովանել, որ ինքը լրտես է, և ունի ընտրություն՝ խոստովանել կամ մեռնել»,- տեղեկացրել է կինը:

Կնոջ խոսքով՝ իր ամուսնուն տանջամահ են արել մեկ այլ զինվորականի սուտ վկայությամբ, որը դա արել է նրա համար, որ իրեն չտանջեն:

Նշվում է, որ կտտանքներն իրականացվել են բժշկի ներկայությամբ, որպեսզի նա թույլ չտա տանջվողին շուտ մահանալ: Տանջանքների կազմակերպիչներից մեկը ենթասպայի կնոջը դատարանում ասել է, որ եթե իր ամուսինը խոստովաներ, որ լրտես է, չէր մեռնի:

Նմանատիպ պատմություններ են եղել նաև մյուս 8 զոհերի դեպքում:

Կան նաև այլ տուժածներ, որոնք տանջանքի ենթարկվելուց հետո ազատվել են աշխատանքից, որովհետև տանջանքների արդյունքում կորցրել են առողջությունը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մի շարք զինվորականներ և քաղաքացիական անձինք մեղադրվում էին լրտեսության համար՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունների։

Մայիսի 3-ին Ադրբեջանի ռազմական դատախազությունը հարուցել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն)։ Ստեղծվել էր համատեղ քննչական խումբ, որի կազմում էին դատախազներ, քննիչներ Պաշտպանության և Ներքին գործերի նախարարություններից, Ազգային Անվտանգության աշխատակիցներ: Ձերբակալվածները դատապարտվել էին տարբեր ժամկետներով ազատազրկման:

Սակայն շուտով պարզ էր դարձել, որ հետաքննության ընթացքում առնվազն 8 կասկածյալ տանջամահ է արվել։ Ավելի ուշ հետաքննությունն արդարացրել է մահացած 8 անձանցից 4-ին, իսկ քննիչները, որոնք զբաղվել են նրանց գործով, դատապարտվել են մինչև 7 տարվա ազատազրկման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում