Պաշտպան. Այնպիսի տպավորություն է, որ ձևավորվել է մի խումբ, որն ամեն ինչ անում է Մանվել Գրիգորյանը մնա կալանքի տակ

Պաշտպան. Այնպիսի տպավորություն է, որ ձևավորվել է մի խումբ, որն ամեն ինչ անում է Մանվել Գրիգորյանը մնա կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Վարչապետը պետք է ականջալուր լինի իրավապաշտպանների բոլոր բարձրաձայնումներին, որոնք վերաբերում են առերևույթ անօրինականություններին: Լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ այդպես չէ, վարչապետն ականջալուր չի լինում:

«Հակառակ պարագայում ինչո՞վ պետք է բացատրել Մանվել Գրիգորյանի գործով բոլոր խախտումները, որոնք իրավապաշտպանը բարձրաձայնում է, արդյունքում բացարձակ քար լռություն է»,- նշեց նա:

Լ. Բաղդասարյանի խոսքով, մեկ տարի առաջ Մանվել Գրիգորյանի հիվանդություններն այնպիսին չէին, ինչպես այսօր, այսօր արդեն պետական լիազոր մարմինների կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն է բարձրաձայնում, որ հիվանդությունները ոչ միայն շատացել են, այլ հասել են այն աստիճանի, որ տեղի է ունենում վատթարացում:

«Պաշտպանները բարձրաձայնում են, որ անձը դարձել է, ըստ էության, անդամալույծ, բացարձակ դրա գնահատականը չի տրվում դատարանի կողմից, իսկ վարչապետն էլ ականջալուր չի լինում այն անօրինականություններին, որոնք բազմիցս բարձրաձայնվել են»,- ասաց պաշտպանը:

Նրա խոսքով, այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ձևավորվել է մի խումբ, որն ամեն ինչ անում է, որպեսզի Մ. Գրիգորյանը մնա կալանքի տակ:

«Մենք մի դեպքում ունենք անձ, որի հիվանդությունները բացասական դինամիկա են գրանցել, մարդը դանդաղ մահանում է, անդամալույծ է դարձել, դատարանը, բարձրագույն գործադիր իշխանությունը, որին ասուլիսնեիր միջոցով տեղեկացնում են վիճակի մասին, բացարձակ գործողություն չի կատարում: Դրանից հետևությունը ո՞րն է: Այն է, որ Մանվել Գրիգորյանի գործով գնում է ընտրովի արդարադատություն»,- ասաց Լ. Բաղդասարյանը:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։ Մ. Գրիգորյանն արդեն ամիսներ շարունակ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում