Իրաքի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի հյուպատոսարանի վրա կատարված հարձակումը

Իրաքի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի հյուպատոսարանի վրա կատարված հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Իրաքի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Նաջաֆ քաղաքում Իրանի հյուպատոսարանի վրա կատարված հարձակումը: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:

ԱԳՆ-ում հայտարարել են, որ հարձակումը տեղի է ունեցել Թեհրանի և Բաղդադի միջև հարաբերությունները փչացնելու նպատակով, և կատարվածը չի արտացոլում Իրաքի պաշտոնական դիրքորոշումը:

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Իրաքում հակակառավարական ցույցերի մասնակիցները հրդեհել են Նաջաֆ քաղաքում գտնվող Իրանի հյուպատոսարանը: Նրանք կարծում են, որ Իրանը միջամտում է իրենց ներքին գործերին:

Նշվում է, որ ոստիկանների հետ բախման հետևանքով տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել: Նրանց թիվը հասնում է 80-ի: Մարզում հայտարարվել է պարետային ժամ: Նշվում է, որ հյուպատոսարանի աշխատակիցները շենքը լքել են գաղտնի մուտքով` հրդեհից 10 րոպե առաջ:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները Բաղդադում սկսվել են հոկտեմբերի 1-ին։ Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաև կենսապայմանների բարելավում, առողջապահության և կրթության ոլորտներում, աշխատաշուկայում առկա խնդիրների լուծում, կոռուպցիայի դեմ պայքար։ Նշվում է, որ Իրաքում հոկտեմբերի 1-ից շարունակվող բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել, տուժել է 15 000 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում