«Փաստ». «Սևի» և «սպիտակի» արանքում. իշխանությունը Վանեցյանին այլ ելք չի թողնում

«Փաստ». «Սևի» և «սպիտակի» արանքում. իշխանությունը Վանեցյանին այլ ելք չի թողնում

«Փաստ» օրաթերթը գրել է. «Արդեն տևական ժամանակ է, ինչ Արթուր Վանեցյանը հեռացել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: Դրանից գրեթե անմիջապես հետո, երբ հայտնի դարձավ Վանեցյանի հրաժարականի տեքստի բովանդակությունը, իշխանական քարոզչամեքենան սկսեց թիրախավորել վերջինիս:

Այնպես չէ, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում իշխանության մեջ եղած առանձին խմբեր նրան չէին թիրախավորում, բայց հրաժարականից հետո տեղեկատվական-քարոզչական հարձակումներն ակնհայտ ագրեսիվ ու համակարգված բնույթ ստացան։

Իշխանությունը փորձում է Վանեցյանին սևացնել, ինչն առայժմ չի ստացվում։ Իշխանության գալով` Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից ընտրեց իր իշխանության պահպանման հիմնական ռազմավարությունը՝ «նախկիններից հասարակությանը փրկելու» առաքելությունը:

Այս համատեքստում դաշտ նետվեց այդ ռազմավարությանը միս ու արյուն տվող թեզը` դաշտը «սևերի» և «սպիտակների» բաժանելը:

… Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով Արթուր Վանեցյանին այլ ելք չի թողնում, քան մտնել քաղաքականություն: Մինչև հրաժարականը քաղաքացիական հասարակության՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» գրասենյակից գումարներ ստացող ներկայացուցիչները հարձակվել էին վերջինիս վրա` մեղադրելով նաև Դավիթ Սանասարյանի գործով. Դավիթ Սանասարյանը փորձում էր ապացուցել, որ «գործ է կարվում» նախկինների նման, այսինքն՝ Վանեցյանը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում նախկիններից:

ԱԱԾ պետի պաշտոնից հրաժարական տալուց հետո ստուգվեցին իր հոր բիզնեսները, ինչի արդյունքում ևս չհայտնաբերվեցին «սևերի» հետ ասոցացնելու այդքան կարևոր փաստարկները, և հետագայում Արթուր Վանեցյանի դեմ արշավը տեղափոխվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա:

Սկսվեց ներքին սաբոտաժը վերջինիս դեմ: Արդյունքում ֆուտբոլը ևս քաղաքականացվեց, և դրա հետևանքներից մեկը նաև այն էր, որ Հայաստանի հավաքականն Իտալիայում խայտառակ պարտություն կրեց: Գործկոմի անդամները, որոնք իշխանության ներկայացուցիչներ էին, դրանում ևս փորձեցին մեղադրել Արթուր Վանեցյանին:

Այստեղ ևս այս սաբոտաժն ակնհայտորեն միտված էր հանրային ընկալման մեջ Արթուր Վանեցյանին «սևացնելուն» և վերջնականորեն ֆուտբոլից հեռացնելուն:

Այս քայլերի հաջորդականությունը ևս այլ ելք չի թողնում Արթուր Վանեցյանին, քան քաղաքական հայտ ներկայացնելու մասին մտածելը: Այսինքն, ունենք մի իրավիճակ, երբ մի կողմից՝ իշխանությունը դրդում է Արթուր Վանեցյանին քաղաքականությամբ զբաղվել, մյուս կողմից՝ իր ողջ քարոզչամեքենայով լծվում է վերջինիս վարկաբեկման գործընթացին:

Իշխանական շրջանակները փորձում են մե՛կ ներկայացնել որպես կոռուպցիոներ, մե՛կ կապում են նախկին իշխանությունների հետ` փորձելով զգուշացնել, որ երրորդ ուժ ստեղծելու նպատակով իր քաղաքականություն մտնելը շատ վատ հետևանքներ կունենա:

Այս արշավի ընթացքում շատ դեպքերում իշխանականներն անցնում են բացահայտ սպառնալիքների, թե` Արթուր Վանեցյանի համար վատ կլինի, եթե քաղաքականություն մտնի: Մի կողմից՝ պարզ է, որ իշխանությունը վախենում է Արթուր Վանեցյանի քաղաքականությամբ զբաղվելուց, մյուս կողմից` նրան այլ ելք չի թողնում:

Հետևաբար, այսօր Վանեցյանը քաղաքական դաշտում դիրքավորվելու բավականին լավ հնարավորություն ունի, որի հիմնական ուղղությունը քաղաքական դաշտի հեղափոխական հատվածի հիասթափված ձայների առաջնորդությունը ստանձնելն է»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում