«Փաստ». Վարչապետի պոպուլիզմն իր վարկանիշը շարունակ իջեցնում է

«Փաստ». Վարչապետի պոպուլիզմն իր վարկանիշը շարունակ իջեցնում է

«Հայաստանում իշխանության ճյուղերի միջև բալանսը մնում է խախտված, չեն գործում զսպումներն ու հակակշիռները:

Իշխանության երկու թևերի գործունեությունը, կարծես թե, ստվերվում է գործադիրի կողմից: Ավելին՝ շարունակվում է իշխանության գերկենտրոնացման գործընթացը:

Խորհրդարանը չունի համապատասխան մասնագիտական որակները, որպեսզի պառլամենտում լուրջ քաղաքական դիսկուրս ծավալվի և մասնագիտական կարծիքներ ձևավորվեն, որի հետ կառավարությունը հաշվի կնստի:

Մյուս կողմից էլ դատական համակարգին իշխանությունների նախաձեռնությամբ սպասվում է ամբողջական վեթինգ:

Միակ դատական մարմինը, որը մնացել է ինքնուրույն, Սահմանադրական դատարանն է, որի հարցերն էլ ցանկանում են լուծել ընդհուպ մինչև սահմանադրական փոփոխությունների և վերակազմավորման միջոցով:

Ստացվում է, որ կառավարությունը փորձում է հասնել իշխանության ճյուղերի նկատմամբ տոտալ վերահսկողության:

Սակայն բևեռացման պրոցեսը տեղի է ունենում ոչ միայն իշխանության թևերի միջև, այլ հենց բուն իշխանության ներսում:

Առաջին հայացքից թվում էր, թե վարչապետի պաշտոնում հաստատվելուց հետո Փաշինյանը իր կուսակցության, իր խորհրդարանական թիմի ներսում և կառավարությունում կձևավորի կայացած գործիչներից կազմված բազա, որպեսզի պատասխանատվությունը ամբողջովին չընկնի իր ուսերին, այլ այն բաշխվի իշխանության թևերի միջև:

Խոսքը համապատասխան թիմ ստեղծելու մասին է, որի վրա անհրաժեշության դեպքում Փաշինյանը կարող էր հենվել, սակայն Փաշինյանն ընտրեց միանձնյա առաջնորդ լինելու տարբերակը: Առաջնորդ դափնիների, բայց ոչ պատասխանատվության առումով:

Պատահական չէ, որ ցանկացած խնդիր, լինի գերկարևոր, թե երկրորդական-երրորդական-միլիոներորդական, արժանանում է վարչապետի մեկնաբանությանը:

Բացի այդ, Փաշինյանն աչքի է ընկնում ֆեյսբուքյան գերակտիվությամբ: Վերջինս փորձում է իր լայվերի, սելֆիների ու գրառումների միջոցով միշտ հանրության ուշադրության կենտրոնում լինել և թույլ չտալ, որ որևէ գործիչ հանկարծ փորձի իրենից խլել առաջինի դերակատարությունը:

Իսկ այն գործիչները և պաշտոնյաները, որոնք կարող են Փաշինյանի իշխանության համար վտանգ ներկայացնել, միանգամից անվանարկվում են և դառնում են իշխանական քարոզչամեքենայի հիմնական թիրախներից մեկը:

Այս առիթով արժե հիշել, թե ինչպիսի քարոզչական գրոհների ենթարկվեցին ԱԱԾ և ոստիկանության ղեկավարները, կադաստրի կոմիտեի նախագահը իրենց հրաժարականներից հետո:

Այսինքն՝ գրեթե ամեն օր ժողովրդավարությունից խոսող վարչապետը, որ որոշ ժամանակ առաջ հայտարարում էր սուպերվարչապետական համակարգի անթույլատրելիության մասին, շատ լավ հարմարվել է սուպերվարչապետի իր կարգավիճակին և մոռացել նախկինում իր ունեցած ելույթները:

Սակայն բավարար չէ, որ Փաշինյանը իշխանության բոլոր սանձերը կենտրոնացրել է իր ձեռքերում, մի բան էլ ցանկություն ունի ազատվել կառավարությանն ուղղված քննադատությունների և ձախողումների համար պատասխանատվությունից, միևնույն ժամանակ իշխանության ձեռքբերումների դափնիները վերցնել իր ձեռքը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում