Պեսկովը Պուտինի աշխատանքը համեմատել է չուգուն հալեցնող վառարանի հետ

Պեսկովը Պուտինի աշխատանքը համեմատել է չուգուն հալեցնող վառարանի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ հանգստյան օրեր չեն լինում, այդ իսկ պատճառով դեկտեմբերի 31-ը նույնպես աշխատանքային է լինելու: Այս մասին տեղեկացնում է rbc.ru կայքը:

Պեսկովը նման հայտարարություն է արել՝ պատասխանելով դեկտեմբերի 31-ը ոչ աշխատանքային օր դարձնելու նպատակահարմարության մասին լրագրողների հարցին:

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը կարելի է համեմատել չուգուն հալեցնող վառարանի հետ:

«Ես բազմիցս նշել եմ, որ եթե նայենք համամարդկային տեսանկյունից, նախագահ Պուտինն առհասարակ հանգստյան օրեր չի ունենում: Ամեն օրվա մեծ մասը նա աշխատավայրում է, աշխատում է: Նախագահի աշխատանքը նման է չուգուն հալեցնող վառարանի, որը հնարավոր չէ հանգցնել: Եթե դե-ֆակտո պատասխանեմ, ապա դեկտեմբերի 31-ն էլ աշխատանքային կլինի»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ դեկտեմբերի 31-ը ոչ աշխատանքային դարձնելու հարցը ռուսական պետդումայում առաջարկել էին Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում