Մնացականյանը վերահաստատեց բանակցային գործընթացում Արցախի ներգրավման գործնական նշանակությունը

Մնացականյանը վերահաստատեց բանակցային գործընթացում Արցախի ներգրավման գործնական նշանակությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում Արցախի ներկայացված չլինելը գործնական տեսանկյունից արդյունավետ չի համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարն ասաց նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում:

«Վարչապետ Փաշինյանը շատ հստակ նշել է, թե ինչ գործնական նշանակություն ունի Արցախի անմիջական ներգրավումն այս գործընթացի մեջ, որովհետև հարցը վերաբերում է իրենց, և, իրականում, ես էլ եմ առիթ ունեցել ասելու, որ նման պայմաններում` այս անբնական պայմաններում, մենք ստիպված ենք ինչ-որ չափով երկու ուղղություններով բանակցել: Ես Արցախի իմ գործընկերոջ` Մասիս Մայիլյանի հետ մշտական կապի մեջ եմ, և դուք գիտեք, որ անձամբ ես, և բոլոր մյուսներն, ովքեր այս գործընթացի մեջ են, բավական մեծ ժամանակ ենք անցկացնում Արցախում, մշտապես կապի մեջ ենք, և ինչ-որ չափով դա բանակցային գործընթաց է նաև Արցախի հետ, և սա գործնական առումով արդյունավետ չէ: Արցախի լիարժեք ներգրավումն ուղղակի գործնական նշանակություն ունի այս գործընթացի համար: Այն, որ հարցի լուծումն առանց Արցախի ձայնի անհնար է, իրողություն է, որն ընդունվել է, և արտահայտվել է տարբեր առիթներով»,– ասաց Մնացականյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում