Վիտալի Բալասանյանը կմասնակցի 2020-ի Արցախի նախագահական ընտրություններին

Վիտալի Բալասանյանը կմասնակցի 2020-ի Արցախի նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Շնորհակալ եմ վստահության համար և տալիս եմ իմ համաձայնությունը՝ առաջադրվելու և մասնակցելու 2020 թվականին Արցախի նախագահական ընտրություններին այս մասին այսօր Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարել է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:

Նա ընդգծել է՝ Արցախի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ապրի արժանապատիվ կյանքով, պատանին և երիտասարդը պետք է ստանան հայեցի դաստիարակություն և կրթություն՝ պաշտպանելով իր իրավունքները, կատարելով իր պարտականությունները՝ միաժամանակ դառնալով ազգային և հոգևոր արժեհամակարգի կրող և պաշտպան:

«Այսօր մեր բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավորը կամավորական ջոկատներից ստեղծված Արցախի պաշտպանության բանակն է, մեր անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, միաբանված համայն միակամ հայությունը: Այս տարիների ընթացքում էլ բոլոր ձեռքբերումները, մեր զավակների արյամբ ազատագրված անկախ երկրում մեր ապրելու, զարգանալու իրավունքը մենք պարտավոր ենք պաշտպանել՝ ապահովելով մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը, արժանապատիվ և բարեկեցիկ կյանքը»,-հայտարարել է Բալասանյանը:

Նա նշել է, թե պայքարի մեջ է մտնում ժողովրդի համերաշխության և միասնության, հանուն արցախցու արժանապատվության և ինքնության պաշտպանության, հանուն սերունդների պայծառ ապագայի: «Հավատում եմ արցախցու, հայ մարդու իմաստությանը կյանքին, կամքին, խորագիտությանը, տոկունությանը, կարեկից հոգուն և վճռականությանը»,-նշել է Բալասանյանը:

Վերջինս ընդգծել է՝ անվիճելի իրողություն է, որ Արցախն այլևս կայացած պետություն է՝ իր ինստիտուտներով, մասնագետներով, անկախության պայմաններում ծնված ազգային և ավանդական արժեքներով մեծացած սերնդով:

«Այո, կա դեռևս չլուծված Արցախյան հիմնախնդիր, որը պետք է լուծվի: Այդ առնչությամբ մեր մոտեցումը չի փոխվել, այն է՝ Արցախի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը և հակամարտության լուծման ռազմական ուղուց հրաժարումը պետք է ելակետային դառնան, ոչ թե հանդես գան նրանց միջև բանակցությունների վերջնակետ, իսկ մեր կողմից Ադրբեջանին բավականին զիջումներ արդեն իսկ արվել են: Զիջել ենք, երբ 1994թ. մայիսին ստորագրեցինք զինադադարի մասին համաձայնագիրը: Զիջեցինք, երբ դադարեցինք դառնալ բանակցային կողմ: Զիջեցինք, երբ 2016թ. ապրիլին համաձայնեցինք կասեցնել հաջողությամբ իրականացվող հակահարձակումն Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ», – նշել է նա, ապա հավելել՝ ժողովուրդը պետք է գիտակցի, հասկանա այն անվիճելի, աքսիոմատիկ ճշմարտությունը, որ Արցախյան հիմնախնդրի լուծման ցանկացած այլ մոտեցում ուղղակիորեն վտանգում է արցախահայության ֆիզիկական գոյությունը:

«Մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, ուստի մեր թշնամիներին հաղթելու, մեր հայրենիքը գրավելու նրանց ցանկությունները զսպելու միակ նախապայմանը վերոնշյալ ուղղությանը համապատասխանող օրենքներով առաջնորդվելն ու ապրելն է: Պատերազմող երկրի համար մեծ շռայլություն է, երբ պարտության նախապայման է առկա աշխարհաքաղաքական իրավիճակը ոչ համարժեք կերպով գնահատելը, եսապաշտական ցանկություններով առաջնորդվելը: Ուստի մեր երկրի անվտանգությունը մեծացնելու, սահմաններն անառիկ դարձնելու, քաղաքացիների բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու համար անհրաժեշտ հրամայական է՝ առավել սեղմ ժամկետներում վերականգնել ժողովրդի խարխլված համերաշխությունը, վերացնել աղքատությունը և սոցիալական անարդարությունը»,-ասել է նա:

Վերջինս հայտարարել է նաև, թե 2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությամբ տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում Արցախի խնդրի կարգավորման հարցում ստեղծվել է նոր իրավիճակ: «Այն պայմանավորված է Հայաստանի իշխանությունների կողմից որդեգրած նոր մոտեցումներով, սկզբունքներով, մարտավարությամբ և ռազմավարությամբ, և մենք պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունները»,-ասել է Բալասանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում