Մեկնարկել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի այցը Կանադա

Մեկնարկել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի այցը Կանադա

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Yerkir.am: Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին տասնօրյա ժամկետով Կանադա է այցելելու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Արդեն հայտնի է այցի օրակարգը:

Ըստ այդմ՝ նոյեմբերի 30-ից սկսյալ, Իշխան Սաղաթելյանը մասնակցելու է ՀՅԴ 129-ամյակի («Դաշնակցության օրվա» ) տոնական միջոցառմանը (Մոնրեալ), հանդիպելու է ՀՅԴ Կանադայի երիտասարդական, ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական եւ հայ համալսարանական միության հետ (Մոնրեալ):

Երկուշաբթի՝ դեկտեմբերի 2-ին, մեկնարկելու են ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի քաղաքական հանդիպումները Քվեբեկում: Նույն օրը նա կայցելի նաև Լավալի եւ Մոնրեալի համայնքային հայ կենտրոններ, Առաջնորդարան և դպրոց: Երեկոյան հանդիպում կկայանա Մոնրեալում գործող կազմակերպությունների եւ միությունների վարչությունների հետ:

Հաջորդ օրը կշարունակվեն Իշխան Սաղաթելյանի քաղաքական հանդիպումները եւ նույն օրվա երեկոյան տեղի կունենա ընկերական ընդհանուր ժողով:

Դեկտեմբերի 4-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը քաղաքական հանդիպումներ կունենա Օտտավայում և Տորոնտոյում, իսկ երեկոյան հանդիպում-ընթրիք կկազմակերպվի Տորոնտոյում գործող միությունների վարչությունների հետ:

Տորոնտոյի Հայ դատի հանձնախմբի ընկերակցությամբ՝ քաղաքական հանդիպումները կշարունակվեն նաև հաջորդ օրը, երեկոյան նախատեսված է ընկերական ժողով:

Դեկտեմբերի 6-ին Իշխան Սաղաթելյանը հանդիպումներ կունենա Քեմբրիջի Հայ դատի գրասենյակում, նաև բանախոսությամբ հանդես կգա ՀՅԴ 129-ամյակի տոնակատարության ժամանակ:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը մինչև դեկտեմբերի 8-ը Քեմբրիջում կմասնակցի նաև ՀՅԴ հարավային Օնտարիոյի կոմիտեությունների ընկերական ընդհանուր ժողովներին և հանդես կգա համապատասխան զեկուցումներով:

Yerkir.am-ն առավել թարմ տեղեկություններով պարբերաբար կիրազեկի այցի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում