Ինչպե՞ս անել, որ միջին վիճակագրական քաղաքացին դեմ լինի նույնիսկ իրեն ձեռնտու անօրինականությանը

Ինչպե՞ս անել, որ միջին վիճակագրական քաղաքացին դեմ լինի նույնիսկ իրեն ձեռնտու անօրինականությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին դեմ չէ կոռուպցիային։ Նա պարզապես դեմ է, որ կոռուպցիայից օգտվում են ուրիշները, բայց ոչ ինքը։ Հենց այդ պատճառով վերջին օրերին շրջանառվող կամազների թեման նա բացասաբար չի ընկալում։ Կամազը օգտագործվելու է իր տան դիմացի աղբը հավաքելու համար, ուստի նա իրեն շահառու է զգում այս գործարքում, իսկ նման պարագայում օրինականությունը նրան քիչ է հետաքրքրում։

Բայց մարդիկ կան, ովքեր նույնիսկ կասկածի տակ են դնում եղածի անօրինական բնույթը։ Այդ մարդկանց խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.

1. Արդյո՞ք արժանահավատ է այն թեզը, որ նվիրաբերողները չեն ունեցել որևէ ակնկալիք։ Օրինակ, Գագիկ Խաչատրյանը, ով այժմ գտնվում է կալանքի տակ, քաղաքապետարանին է նվիրել 10 միավոր կամազ, որոնց ընդհանուր արժեքը, ենթադրում եմ, գերազանցում է 1 մլն$-ը։ Արժանահավա՞տ է, որ նա չի ունեցել ակնկալիք։ Եթե այո, ապա խնդիր չկա։ Եթե արժանահավատ չէ, ապա անցնենք հաջորդ հարցին։

2. Նվիրաբերողի ակնկալիքը օրինակա՞ն էր, թե՞ անօրինական։ Եթե օրինական ակնկալիք էր, ապա ինչու՞ քաղաքապետարանը (կամ որևէ այլ գերատեսչություն) չի տրամադրել քաղաքացու՝ օրենքով հասանելիք իրավունքները (oրինակ, ցանկացել են շենք կառուցել, որն արգելող իրավական ակտ չկա, բայց քաղաքապետարանը թույլտվություն տրամադրելու համար պահանջել է հավելյալ «նվիրաբերումներ»)։ Եթե ակնկալիքն անօրինական էր, ապա ինչու՞ է իշխող ուժը օրինականության հաշվին կոմպրոմիսների գնում (օրինակ, քրեական գործը մեղմելու կամ արգելված վայրում շենք կառուցելու համար առաջարկվել է նվերներ տալ քաղաքապետարանին): Մի՞թե Հայաստանում օրինականությունը կարելի է գնել կամազներով։

Կոռուպցիան ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների շահադիտական նպատակով չարաշահումն է: Իսկ կամազների դեպքում ակնհայտ է, որ իշխանությունը չարաշահվել է։ Գուցե ոչ անձնական շահի համար, բայց միանշանակ չարաշահվել է։

Իրավական պետության համար պետք է ունենալ օրենք հարգող քաղաքացի։ Ինչպե՞ս անել, որ միջին վիճակագրական քաղաքացին դեմ լինի նույնիսկ իրեն ձեռնտու անօրինականությանը։ Սա է խնդիրը…

Դավիթ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում