Տիգրան Աբրահամյան. Մակերեսային մոտեցումներով խնդիր չենք լուծի

Տիգրան Աբրահամյան. Մակերեսային մոտեցումներով խնդիր չենք լուծի

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: 10 մլն դրամ զինծառայության դիմաց։ Նման հնարավորություն առաջարկող նախագծի մասին, որը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։

Panorama.am- Պարոն Աբրահամյան, շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որն առաջարկում է 10 մլն դրամով զինգրքույկ ունենալ։ Ձեր կարծիքը այդ նախագծի մասին ո՞րն է։

Տիգրան Աբրահամյան-Թեման հում է, առկա ռիսկերը փորձագիտական խորը վերլուծության կարիք ունեն. նմանատիպ նախագծերը պետք է հանրային քննարկումների փուլ անցնեն, ոլորտային մասնագետների կարծիքները հաշվի առնեն: Այդ նախագիծն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխանում առկա հարցադրումներին:

Panorama.am -Ի՞նչ հնարավոր հետևանքների կարող է հանգեցնել այն, եթե աստված մի արասցե, իրավական ուժ ստանա։

Տիգրան Աբրահամյան-Մակերեսային մոտեցումներով որևէ ոլորտում հնարավոր չէ արդյունավետ փոփոխությունների հասնել: Պատերազմի մեջ գտնվող երկրների համար զինված ուժերում նմանատիպ փոփոխությունները շատ զգայուն են, իրավիճակի ողջ նրբությունները պետք է մանրամասն քննարկել, հաշվարկել դրա ազդեցությունը ոչ միայն ֆինանսական կամ մարդկային ռեսուրսի, այլ գաղափարական առումով: Այնպես որ, չեմ կարծում, թե այս նախագիծն այս տեսքով օրենքի ուժ դառնալու որևէ հեռանկար ունի:

Panorama.am -Մեկ ամսում հնարավոր է՞ յուրացնել զինվորական ինչ-ինչ հմտություններ։

Տիգրան Աբրահամյան-Եթե մենք ապրեինք մի տարածաշրջանում որտեղ ռազմական գործողությունների հավանականությունը նվազագույնի է հասնում, ապա միգուցե արական սեռի բոլոր ներկայացուցիչների համար հնարավոր լիներ մեկամսյա արագացված կուրս իրականացնել, սակայն դա միայն այն դեպքում, երբ խնդիր դրվեր մարդկանց նվազագույն, ընդհանուր բնույթի տեղեկություններ փոխանցել:

Մեր դեպքում իրավիճակը կտրուկ տարբերվում է: Ավելին՝ մենք ոչ միայն խնդիր ունենք մարտական բարձր պատրաստվածության վիճակում պահել մեր զինված ուժերը, այլ պահեստազորի հաճախակի հավաքների միջոցով զինծառայություն անցած անձանց պահելու մշտական մարզավիճակում:

Ի վերջո, եթե այդ նախագիծը նաև պայմանագրայինների ավելացման խնդիր պետք է լուծի, ապա ասեմ, որ պայմանագրայինների ավելացման հարցը այդ նախագծով չի լուծվում, ավելին՝ պայմանագրային ծառայության թեմայի արդյունավետ մեխանիզմների ներդրումը լրիվ այլ դաշտում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում