ՍԴ-ում ի՞նչ ճգնաժամ կա, այնտեղ մի ճգնաժամ կա, որի անունը Վահե Գրիգորյան է. Գևորգ Պետրոսյան

ՍԴ-ում ի՞նչ ճգնաժամ կա, այնտեղ մի ճգնաժամ կա, որի անունը Վահե Գրիգորյան է. Գևորգ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ՍԴ անդամների վիճակը վատթարացնո՞ղ, թե՞ բարելավող բնույթ ունի, և ի՞նչ չափանիշով են ընտրվել հենց ՍԴ անդամները, արդյո՞ք այստեղ չկա նախկին դատավորներից ազատվելու խնդիր, և ՍԴ-ի ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը: Այս հարցերն այսօր ԱԺ պետաիրավական պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում բարձրացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ դիմելով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

«ՍԴ-ում ի՞նչ ճգնաժամ կա, այնտեղ մի ճգնաժամ կա, որի անունը Վահե Գրիգորյան է»,-հավելեց պատգամավորը:

Նախարարն արձագանքեց, թե ճգնաժամ ասելով՝ նկատի ունեն դատարանի նկատմամբ հանրության վստահության մակարդակը: «Դա նաև միջազգային կազմակերպությունների բազմաթիվ գնահատականներով արձանագրվել է տարիներ շարունակ, թե որքան տոկոսն է վստահում դատական համակարգին: ՍԴ մոդելը սխալ է, դեռ տարիներ առաջ ենք ասել»,-ասաց Բադասյանը:

Նա ընդգծեց՝ որևէ նպատակ չունեն պաշտպանելու ՍԴ-ի, այսպես կոչված, նոր դատավորներին հին դատավորներից: «Մեր նպատակն է ֆիքսել այն իրականությունը, որը 2015թ.-ի փոփոխություններով առաջադրվել է մեր հանրությանը»,-ասաց նախարարը՝ նշելով նաև, թե իր կարծիքով՝ նախագիծը բարելավում է դատավորների վիճակը, որովհետև հնարավորություն է տալիս վաղ կենսաթոշակի անցնելու:

Գևորգ Պետրոսյանը, արձագանքելով նախարարին, հարցրեց, թե ինչպես է որոշվել ՍԴ-ի հանդեպ հանրության վստահության չափը:

«Այդ տրամաբանությամբ՝ ժողովուրդն ընդհանուր արդարադատության համակարգի նկատմամբ անվստահություն ունի, դե բոլոր դատավորներին առաջարկեք դա: Ինչո՞ւ ենք ընկել միայն ՍԴ-ի անդամների հետևից: Եթե մարդը նորմալ աշխատում է, ինչո՞ւ չեք ուզում շարունակի նորմալ աշխատանքային գործունեությունը, եթե վատ է աշխատում, պատժեք: Այսինքն՝ այն դատավորները, որոնք ձեզ վստահություն չեն ներշնչում, ասում եք՝ գնացեք, անհոգ կյանքով ապրեք: Եթե մարդն անվստահություն է ներշնչում, նրան դրախտի «պուտյովկա՞» եք տալիս, իմա՞ստը: Ասեք՝ անվստահություն ես ներշնչում, քո գործով նպաստել ես արդարադատության նկատմամբ վստահության կորստին. փոխանակ պատժեք, խրախուսու՞մ եք»,-ասաց Պետրոսյանը՝ նշելով նաև, թե եթե կա ՍԴ-ն անցանկալի մարդկանցից ազատելու և ցանկալի մարդկանցով համալրելու խնդիր,պետք է խոստովանեն ճշմարտությունը:

«Իմ կարծիքով՝ այս նախագիծը հետապնդում է կոնկրետ անձանց ՍԴ-ից ազատելու և սեփական կադրերով համալրելու նպատակ, որպեսզի կարողանան հեշտությամբ «սղացնելով» վավերացնել ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող պայմանագրերը»,-հավելեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահների մասին օրենքի նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ: Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում