«Ռեկտորի պատասխանները չգոհացրեց, մոտեցումը գոհացրեց»

«Ռեկտորի պատասխանները չգոհացրեց, մոտեցումը գոհացրեց»

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԵՊՀ պատմության ֆակուլտետում ավարտվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի և ուսանողների հանդիպումը։

«Ի սկզբանե կարծիք չենք ունեցել, որ այս քննարկումը որևէ նախագիծ մեջ կարող է պետական ինստիտուտի մակարդակով բեկում մտցնել: Նպատակն էր ավելի շատ հանրային քննարկումներ ստեղծել, հարցը հանրայնացնել, որը, կարծես, ստացվում է: Ուզում ենք հարցը հանրային հնչեղություն ձեռք բերի»,- հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԵՊՀ ուսանող Գևորգ Գյուլումյանը:

Հիշեցնենք, որ ԵՊՀ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողներ խնդրել էին հանդիպում ԵՊՀ ռեկտորի պաշտնակատարի հետ՝ քննարկելու ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագիծը, մասնավորապես «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չլինելու կետը:

Նա նշեց, որ առաջիկայում սպասում են հանդիպում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, դրանից հետո կխնդրեն իրենց ընդունել խորհրդարանական երկու մյուս ուժերը:

«Ռեկտորի հետ այսօրվա հանդիպման տպավորությունն ընդհանուր լավ են: Ռեկտորի պատասխանները չգոհացրեց, մոտեցումը գոհացրեց, մարդը բարեհամբույր պատասխանեց, ձևային առումով լավն էր, բովանդակությունը դուրս չեկավ: Ռեկտորն ավելին անել չէր կարող»,- ասաց Գ.Գյուլումյանը:

«Հանուն ազգային կրթության» նախաձեռնության համակարգող խմբի ներկայացուցիչ Էդուարդ Գալստյանն ասաց, որ չեն կիսում Գ. Գևորգյանի տեսակետները կոնկրետ առարկաների, բուհական ինքնավարության հարցում:

ԵՊՀ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսողներն օրեր շարունակ դասադուլ էին անում, նրանք իրենց բողոքն էին հայտնում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չլինելու կետի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում