«Հրապարակ». Ինչո՞վ է զբաղված ԿԳՄՍ նախարարը, որ ավելի կարևոր է, քան երիտասարդներին հանդիպելը

«Հրապարակ». Ինչո՞վ է զբաղված ԿԳՄՍ նախարարը, որ ավելի կարևոր է, քան երիտասարդներին հանդիպելը

«Երկու հրաժարականի պահանջ կա այսօր օդում կախված՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և կրթության, գիտության, մշակույթի ու անգամ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի։ Երկուսն էլ այս իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներն են, Նիկոլ Փաշինյանի աջ ու ձախ ձեռքերը, և նա, ինչպես նաև ողջ թիմը, ատամներով պաշտպանում են իրենց թիմակիցներին։ «Պաշտպանել» ասվածը մեղմ է՝ ամեն ինչի պատրաստ են նրանց «չհանձնելու» համար։ Երեկ, կարելի է ասել, անգամ ռուբիկոնը հատեցին՝ ուժ գործադրելով և բերման ենթարկելով երիտասարդ ցուցարարներին, որոնք ընդամենը պահանջում են բուհերից չհանել «Հայոց լեզվի» և «Պատմության» դասավանդումը։

Թվում է՝ մենք՝ մեծահասակներս, պետք է միայն հպարտանայինք, որ նման սերունդ է աճում մեր երկրում։ Սերունդ, որը պայքարում է ոչ թե, ասենք, ուսման վարձը նվազեցնելու, բանակ չգնալու, ասպիրանտուրայում ուսման քվոտաները մեծացնելու և այլ մերկանտիլ պահանջների համար, այլ «Հայոց լեզվի» ու «Պատմության» դասավանդման։

Ի՞նչ խնդիր կա այդ պայծառ, հայրենասեր, պահանջատեր երիտասարդներին ընդունելու հարցում։ Եվ ինչո՞վ է զբաղված նախարարը, որ ավելի կարևոր է, քան այս երիտասարդներին հանդիպելը, լսելը։ Ի վերջո, 2018 թվականին նրանց իշխանության բերած ամենամեծ ուժը հենց ուսանողությունն էր, որի աջակցությամբ միայն հնարավոր եղավ հեղափոխությունը։

Նիկոլ Փաշինյանի քայլարշավն այդպես էլ քայլարշավ կմնար, եթե նա չմտներ բուհեր, և բուհերը չմիանային նրան։ Հիմա, փաստորեն, այդ երիտասարդների դեմ իշխանությունները կիրառում են այն նույն մեթոդները, որոնք կիրառվում էին իրենց դեմ նախկին՝ մերժված իշխանությունների կողմից։ Շատ կարճ չէ՞ր ժամանակը՝ անցյալը մոռանալու և նախկին համախոհներին ուրանալու համար»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում