ՌԴ-ում հայտնել են, որ պատասխան քայլեր կձեռնարկեն Գերմանիայի դեմ

ՌԴ-ում հայտնել են, որ պատասխան քայլեր կձեռնարկեն Գերմանիայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Դմիտրի Նովիկովը հայտարարել է, որ Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի Բեռլինի որոշման դեմ, ըստ որի երկու ռուս դիվանագետ «անցանկալի անձ» է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը գերմանական կողմի գործողությունները որակել է որպես «ոչ բարեկամական» և նշել, որ պատասխան քայլեր կձեռնարկի:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված՝ Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության համար «ռուսական հետքի» մասին լուրերը, նշել է, որ ռուսական իշխանությունները ոչ մի կապ չունեն այդ դեպքի հետ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակցի «անցանկալի անձ» է հայտարարել՝ օգոստոսին Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության գործի հետ կապված:

Օգոստոսի վերջին անհայտ անձը Բեռլինում գնդակահարել է Վրաստանի 40-ամյա քաղաքացու: Սպանվածը մահացու վնասվածք էր ստացել գլխի շրջանում: Մի քանի օր անց դատախազությունը ձերբակալել էր 49-ամյա ռուսաստանցու, որի մոտ գտել էին հանցագործության գործիք զենքը:

Օգոստոսի 25-ին դատախազությունը հայտնել էր, որ ամենահավանական վարկածը համարում է «պրոֆեսիոնալ կերպով կազմակերպված և իրականացված պատվերով սպանությունը»: Նշվել էր, որ պատվիրատուները կարող են լինել կա՛մ հանցավոր աշխարհից, կա՛մ օտար երկրի հետախուզական ծառայությունից:

Օգոստոսի 30-ին գերմանական լրատվամիջոցները հայտնել էին, որ կասկածյալը հնարավոր է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակալ լինի: Այդպիսի եզրակացության հիմք էր ծառայել այն, որ կասկածյալի անունը, որը նշված էր վիզա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում, «բացակայում է ռուսական տվյալների ցանկից», իսկ նրա անձնագրի տվյալները մատնացույց են անում ՌԴ ներքին գործերի նախարարությանը, որը «մինչ այս էլ փաստաթղթեր է տրամադրել Գլխավոր հետախուզական վարչության գործակալներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում