Դատարանը բավարարեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը բավարարեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու միջնորդությունը

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 4-ին բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը` Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ: Այս մասին հայտնեց նրա պաշտպան Մելիք Սարգսյանը:

Նա նշեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան:

Նոյեմբերի 29-ին ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Գևորգ Կոստանյանը դեռ սեպտեմբերին Մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ:

Նա այդ ժամանակ հայտնել էր, թե արտերկրում է և կվերադառնա օրեր անց: 2006թ. մարտի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Կոստանյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2008թ. հուլիսի 2-ը:

2008թ. հուլիսին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։ 2011թ. հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 2013-16 թվականներին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում