«Արմնյուզում» աշխատում են պրոֆեսիոնալ ու ժրաջան մարդիկ, և ես միանում եմ այս թիմին. Աբրահամ Գասպարյան

«Արմնյուզում» աշխատում են պրոֆեսիոնալ ու ժրաջան մարդիկ, և ես միանում եմ այս թիմին. Աբրահամ Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը Հանրային հեռուստաընկերությունում 13 տարվա աշխատանքից հետո տեղափոխվում է «Արմնյուզ» հեռուստաընկերություն: Նոր աշխատավայրում հեռուստամեկնաբանի հաղորդումը կոչվելու է «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ»: ««Արմնյուզի» եթերում լինելու է այն, ինչը չկար և պետք էր հայաստանյան լրատվադաշտին: Մենք խոսելու ենք պրոբլեմների օջախների մասին, և ոչ միայն մատնանշելու ենք դրանք, այլև ուրվագծելու ենք լուծումներ»,- նշեց Աբրահամ Գասպարյանը:

– 13 տարի Հանրային հեռուստաընկերությունում աշխատելուց հետո օրերս ազատման դիմում գրեցիք․ այժմ Ձեր լրագրողական գործունեությունը շարունակելու եք «Արմնյուզ» հեռուստաընկերությունում: Ինչո՞ւ որոշեցիք հենց «Արմնյուզ» տեղափոխվել:

– Աշխատանքից ազատման մասին իմ ֆեյսբուքյան գրառումից հետո ուղիղ 2 շաբաթ տարբեր առաջարկներ էի ստանում: «Արմնյուզն» ընտրելու կարևոր դրդապատճառներից էին գաղափարական ընդհանրությունները ինֆորմացիայի մատուցման ձևի և մոտեցումների առումով, ինչպես նաև «Արմնյուզում» երիտասարդ, մոբիլ, աշխույժ թիմի առկայությունը: Այստեղ մարդիկ են, ովքեր երկրի, պետության և հասարակության առջև պատասխանատվության զգացում ունեն: Այս թիմի աշխատանքը հնարավոր է կրկնապատկել և հասնել փայլուն արդյունքների: Լրատվական դաշտում «Արմնյուզի» ժրաջան աշխատողները իրենց խոսքը փորձում են ասել, ես եկել եմ այդ ուժերը կրկնապատկելու համար: Սա շատ կարևոր հանգամանք է: Սա մեռած թիմ, մեռած խմբագրություն չէ, սա կենդանի խմբագրություն է, որի յուրաքանչյուր աշխատակցին տեսնում ենք երևանյան ցանկացած փողոցում, Հայաստանի ցանկացած մարզում՝ պրոբլեմների մասին խոսելիս: Սա կարևոր հանգամանք է:

– Հեռուստաընկերության ղեկավարության կողմից սահմանափակումներ դրվե՞լ են Ձեր առջև, թե՞ ամբողջովին ազատ եք լինելու Ձեր աշխատանքում:

– Իմ ազատության ընկալումները միշտ եղել են կարգապահ, երբեք չեն անցել սահմանները. դա ներքին կարգապահության խնդիր է: Այդ իմաստով էլ «Արմնյուզի» ղեկավարության հետ ընդհանրություններ կան: Սահմանափակման մասին խոսք լինել չի կարող, որովհետև ինձ ճանաչողները գիտեն, որ ես երբեք սահմանները չեմ հատի, դրա համար այդպիսի խնդիր չդրվեց:

– Ի՞նչ ձևաչափով եք եթեր դուրս գալու, ի՞նչ հաղորդում է լինելու «Արմնյուզի» եթերում:

– «Արմնյուզում» լինելու է այն, ինչը չկար և պետք էր հայաստանյան լրատվադաշտին: Մենք դառնալու ենք շատ ավելի մարդամոտ, մարդակենտրոն թողարկում, քան մեր լրատվադաշտում կա: Մենք խոսելու ենք պրոբլեմների օջախների մասին, և ոչ միայն մատնանշելու ենք դրանք, այլև ուրվագծելու ենք լուծումներ: Մենք լավին ասելու ենք՝ լավ, իսկ թերություններով ուղեկցվող գործընթացները մատնանշելու ենք: Ընդ որում՝ ապավինելու ենք ոչ միայն մեր ռեսուրսին, այլևս մեր պետական, հանրային ռեսուրսին, փորձագիտական դաշտին: Մենք խնդիր չունենք որևէ մեկին ասելու, որ դու վատն ես, մեր խնդիրն անձերը չեն, մեր խնդիրը երևույթներն են: Մենք բերում ենք մի նորություն. ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում՝ առավոտյան ժամը 9-ից մինչև 6-7-ը հեռուստադիտողի ստացած խառը, բազմաշերտ, առանց մեկնաբանության, չֆիլտրված ինֆորմացիան մենք փորձելու ենք մեկնաբանել այնպես, ինչպես հարիր է պրոֆեսիոնալներին, որովհետև մենք ունենք պրոֆեսիոնալ թիմ: Մենք գիտենք ինֆորմացիան պարզ, մատչելի ձևով, առանց ճաճանչափայլ նախադասությունների և պայծառ մտքերի մատուցել հանրությանը և ասել՝ ինչ տեղի ունեցավ օրվա ընթացքում: Սկզբնական շրջանում լինելու է օրվա ընթացքում մեկ թողարկում՝ մինչև 30 րոպե տևողությամբ, որը կոչվելու է «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ»: Բոլոր փակագծերը չեմ բացի, բայց այդ երեկոյան լուրերի ժամանակ մենք առանձնելու ենք օրվա կարևոր իրադարձությունները, մեկնաբանելու ենք, վերլուծելու ենք և հասկանալու ենք խնդրի բոլոր կողմերը: Հայաստանում լրագրության գլխավոր բացթողումներից մեկն այն է, որ ամեն ինչ ներկայացվում է միակողմանի, նույնիսկ երկու կարծիք չենք ներկայացրել, իսկ մենք երեք կարծիք ենք ներկայացնելու, որովհետև մեդալի երկու երեսը դեռևս չի խոսում կողմնորոշվելու մասին: Մենք պետք է ցույց տանք՝ մարդն ինչպիսին է մեր երկրում՝ իր առօրյան, պրոբլեմները: Մեր երկրի անվտանգությունը, արտաքին, ներքին քաղաքականությունը՝ ամբողջ սպեկտորը վերցնելով, փորձելու ենք նվազագույնը երեք կարծիք ներկայացնել այդ ամենի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում