Կյուրեղյան. Իշխանությունները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ից

Կյուրեղյան. Իշխանությունները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ից

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իշխանությունները վախենում են ՀՅԴ-ից, որովհետև ՀՅԴ-ն այն ուժն է, որը երբեք թույլ չի տալու երկրի իշխանություններին իրականացնելու ազգակործան քաղաքականություն, թույլ չի տալու, որ նրանց որևէ քայլը հանկարծ խաթարի ազգային արժեքները: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

«Ինչո՞ւ ՀՅԴ երիտասարդների դեմ այդքան ոստիկանական ուժեր, կարմիր բերետավորներ դուրս բերեցին, եթե ՀՅԴ-ն 0 քաղաքական ազդեցություն ունեցող ուժ էր: Նրանք մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ից: Չէ՞ որ իրենք եկել են կոնկրետ ծրագիր իրականացնելու: Նրանք իրականցնում են ազգակործան քաղաքականություն, դրա իրականացման ճանապարհին առաջին պատնեշն ու ամենավտանգավոր ուժն իրենց համար ՀՅԴ-ն է, դրա համար այդպես լայն թափով սկսել են Հայ հեղափոխություն դաշնակցության դեմ ելույթներ ունենալ»,- ասաց Ա.Կյուրեղյանը:

Նա նշեց, որ այս իշխանությունների վարած քաղաքականությունը հիշեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը: Ընդգծեց, որ պետք է հիշեն նրա ճակատագիրը որպես քաղաքական գործիչ:

Հրապարակախոս Էդիկ Անդրեասյանն ասաց, որ երիտասարդների պայքարը կոնկրետ հարցով էր, դեկտեմբերի 3-ին այդ պայքարի ժամանակ գրանցված ընդհարումը հրահրվել էր իրականում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմի:

«Դեկտեմբերի 2-ին երիտասարդները հայտարարել էին, որ դեկտեմբերի 3-ին գնում են նախարարության մոտ հանդիպելու նախարար Արայիկ Հարությունյանին: Նույն օրը նախարարությունը հայտարարեց, թե այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, պայմանավորվածություն չունեն: Ուսանողներին մոտավորապես ստախոս անվանեցին: Արդեն իսկ պարզ էր, որ չեն գալու, չեն հանդիպելու, որի ժամանակ պետք է քննարկվեին երիտասարդների կողմից առաջ քաշվող 6 կետերը, որովհետև չի կարելի հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունը հալածել Հայաստանում: Նման նախարար չպետք է Հայաստանում լինի»,– նշեց նա:

Ա.Կյուրեղյանի խոսքով, Արայիկ Հարությունյանը պատրաստ չէր բովանդակային զրույցի, չէր կարող պատասխանել երիտասարդների հարցերին, նա նույնիսկ չկարողացավ պատասխանել գիտնականների, դասախոսների հետ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերին:

Ասուլիսին ներկա «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն ասաց, որ իրենք զորակցություն են հայտնել երիտասարդներին այս պայքարում, քանի որ այս իրավիճակը դիտարկում էին որպես լակմուս:

«Երիտասարդները հրաշալի լակմուս ստեղծեցին, որը ցույց է տալիս, թե ինչ խաբեբա է այս իշխանությունը, երկակի ստանդարտների կրող են, որոնք ամեն վայրկյան պատրաստ են ոտնահարել իրենց իսկ որդեգրած սկզբունքները, դեմ գնալ իրենց հրապարակային թեզիսներին, որոնք արվում էին այս մեկուկես տարում»,– նշեց նա:

Կ. Տեր-Նակալյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարիուկես խոսելով արցախյան հիմնախնդրի մասին, «յոթ տարբեր երգ ենք երգել», որոնք որևէ հստակ եզրահանգում չունեն:

«Իմ մոտ հարցադրումներ կան՝ ի՞նչ եք բանակցում: Ամեն ինչ գնում է նրան, որ մենք տանուլ ենք տվել արտաքին դաշտում»,– նշեց նա:

Էդիկ Անդրեասյանի խոսքով, արդեն գրեթե մեկ տարի է տեղյակ չեն, թե ինչ է կատարվում արցախյան բանակցությունների սեղանի շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում