Բաբայան. «Մնացականյան–Մամեդյարով հանդիպումից հեղափոխական առաջընթաց ակնկալելը վաղաժամ էր»

Բաբայան. «Մնացականյան–Մամեդյարով հանդիպումից հեղափոխական առաջընթաց ակնկալելը վաղաժամ էր»

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armeniasputnik.amԱրցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սլովակիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը:

Հայկական կողմը միշտ կարևորել է նման հանդիպումները, որոնք նախևառաջ ապահովում են բանակցային գործընթացի շարունակականությունը, ինչպես նաև կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Դավիթ Բաբայանը։

«Իհարկե վաղաժամ էր ակնկալել ինչ-որ հեղափոխական կամ տեկտոնիկ առաջընթաց, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում իր հայատյաց հռետորաբանությունից, ռևանշիստական ծրագրերից, ինչի վառ վկայությունն է հանդիպման նախօրեին տարածված հայտնի փաստաթուղթը, որում նշված կարմիր գծերի շնորհիվ ոչինչ չի փոխվել»,– ասաց նա:

Երեկ Սլովակիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը։ Ադրբեջանի արտգործնախարարն իր հետ էր տարել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված՝ պաշտոնական Բաքվի պատկերացրած քայլերի մասին մի փաստաթուղթ, ըստ որի` առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի «մնացած այլ զավթած տարածքներից» հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը: Հաջորդ փուլում Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում` Ադրբեջանի Սահմանադրության ու օրենսդրության համապատասխան:

Ըստ Բաբայանի` այդուհանդերձ միջնորդների հորդորով հիմնական շեշտը շարունակելու են դնել խաղաղության և կայունության պահպանման վրա: Նրա խոսքով` պահի դրությամբ այլ տարբերակ պարզապես չկա:

Պատասխանելով հարցին, թե հայկական կողմը պե՞տք է իր հերթին փաստաթուղթ ներկայացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Բաբայանը նշեց, որ կարելի է մտածել այդ ուղղությամբ, առավել ևս որ Արցախը պարբերաբար ներկայացնում է նման փաստաթղթեր:

Նրա դիտարկմամբ՝ գուցե սրանով էլ կարելի է բավարարվել, որովհետև ամեն անգամ նույն բանը կրկնելն իրենց որդեգրած ոճը չէ:

Անկախ այդ հանգամանքից՝ իշխանությունները, Բաբայանի կարծիքով, պետք է հատուկ ուշադրություն դարձնեն տարբեր ատյաններում արցախյան թեմատիկան ավելի շոշափելու, այդ մասին միջազգային հանրությանը տեղեկացնելու գործընթացին:

Փաստաթղթեր կարող են լինել նաև Հայաստան-Արցախ քննարկումների համատեքստում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում