Մեկուկես տարի անց իշխանությունը վերադարձավ Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթին. Փաշինյան

Մեկուկես տարի անց իշխանությունը վերադարձավ Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Այս մեկուկես տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյան-արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան զույգի դեգերումները ղարաբաղյան հարցում ավարտվեցին նրանով, որ վերահաս ճգնաժամից և կատաստրոֆայից խուսափելու համար զույգը կրկին բռնվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան-նախկին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյան զույգի կողմից մշակված բանակցային փաթեթից՝ որպես փրկօղակ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Զոհրաբ Մնացականյանի ելույթին:

Աշոտյանի խոսքով՝ Մնացականյանի ելույթում Արցախյան խնդրի լուծման՝ երեք ժողովուրդներին ընդունելի լուծման մտքից զատ, տպավորություն կար, որ Էդուարդ Նալբանդյանն է խոսում, ոչ թե Զոհրաբ Մնացականյանը:

«Ի՞նչ կարիք կար մեկուկես տարի կորցնել, քայքայել բանակցային դիրքերը, մեծամտանալ, ասել, որ ես ամեն ինչ գիտեմ, ես Ղարաբաղի հարցին տիրապետում եմ, ես սկսում եմ բանակցային գործընթացը սեփական կետից, իսկ հետո վերջում գալ և էլի որպես փրկօղակ բռնվել Սերժ Սարգսյանի թողած քաղաքական ժառանգության այդ հատվածից: Այսինքն՝ եթե վերնագիր է պետք, այսպես կարող ենք ասել՝ «Սերժը փրկեց Նիկոլին»»,-հայտարարեց Աշոտյանը:

Վերջինիս կարծիքով՝ Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացում Բրատիսլավայի քննարկումը մշուշոտ է, որովհետև կար հստակ դիսոնանս մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացը, և պետք է հասկանալ՝ ինչ է կատարվել այնտեղ:

«Կարծում եմ՝ իրեն թափանցիկ հռչակած իշխանությունը պարտավոր է մեզ բացատրել՝ ինչ կատարվեց Բրատիսլավայում, ինչ էին խոստացել և ում էին խոստացել Բրատիսլավայից առաջ: Ինչո՞ ւ այդ հանդիպումն այդպես էլ որևէ ռեալ կերպ չներկայացվեց հանրությանը, ի՞նչ կատարվեց»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Նրա համոզմամբ՝ կարելի է ասել, որ մեկուկես տարի անց այս իշխանությունները կրկին վերադարձան ՀՀԿ-ի բանակցության փաթեթին:

Ըստ Աշոտյանի՝ մեկուկես տարի անց նույն կետին վերադառնալու բացասական հետևանքը միայն ժամանակի կորուստն ու միայն այն «լոպազությունը» չեն, որով գործող իշխանությունները խոսում էին ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ մինչև այս հանդիպումը:

«Բացասական հետևանքներից մեկն այն է, որ «համը մնացել է Ադրբեջանի բերանում», մասնավորապես, փախստականների վերադարձի խնդրի վերաբերյալ, հայկական կողմից այս ընթացքում անհասկանալի «խաղաղասիրության» մեսիջների և հղումների վերաբերյալ, և այստեղ իշխանության և ողջ հասարակության համար առաջանում է պլան Բ-ի խնդիր: Այն իր մեջ ներառում է հետևյալ կարևոր բաղադրիչները՝ առաջինը՝ դադարել ջլատել հասարակությունն ու քաղաքական դաշտը յուրայինների և թշնամիների: Հրապարակավ հայտարարել, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ զեբրի՝ այն է՝ սև ու սպիտակի դարաշրջանն ավարտված է»,- մեկնաբանեց Աշոտյանը:

Նա ընդգծեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը պահպանել է բանականության վերջին նշույլները, ապա անձամբ պետք է հաջորդ տարի նախաձեռնի ԱԺ արտահերթ ընտրություններ: «Որովհետև այսօր ակնհայտ է, Հայաստանի թիվ մեկ քաղաքական մարմինը՝ ԱԺ-ն, ի սկզբանե, մեռելածին էր՝ որպես քաղաքական մտքի դարբնոց: Որպես Հայաստանում հասարակաքաղաքական թիվ մեկ ամբիոն՝ այն չի իրականացնում իր ֆունկցիաները, որովհետև ի սկզբանե պարզ էր, որ չի արտահայտում և չի արտահայտելու հասարակաքաղաքական ճաշակը և ներկայանալիության տեսանկյունից չի ներկայացնում հասարակակաքաղաքական դաշտի ողջ հիմնական ներկապնակը»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում