Մի՛ ջղաձգվեք, Դաշնակցությունն իր օրակարգով շարժվում է առաջ. Իշխան Սաղաթելյան

Մի՛ ջղաձգվեք, Դաշնակցությունն իր օրակարգով շարժվում է առաջ. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Yerkir.am: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որն ա/յս օրերին աշխատանքային այցով գտնվում է Կանադայում, Yerkir.am-ի հետ զրույցում արձագանքել է Դաշնակցության շուրջ օրերս տեղի ունեցող զարգացումներին։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի՝ ՀՅԴ-ն անցած շրջանում ժողով է գումարել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, խոսք է եղել նաև իշխանությունների դեմ, այսպես կոչված, «պարտիզանական պայքար» մղելու մասին։

– Նախ՝ հստակ կուզենայի արձանագրել, որ այդ ժողովի մասին կեղծ լուրեր տարածողներն այդ ժողովին ներկա չեն եղել։ Սա՝ առաջինը։ Հաջորդը՝ այն տեղեկությունները, որ իբրև թե կուսակցական ղեկավար մարմինը շրջաբերական է իջեցրել՝ հրահանգելով իրականացնել պարտիզանական գործողություններ, սա ևս կեղծիք է։ Մեկ անգամ ևս պաշտոնապես ասում եմ՝ նման շրջաբերական գոյություն չունի։ Երրորդը՝ ժողովը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի վերջին, մեր հերթական ժողովն է եղել։ Այդ հանդիպմանը մասնակցել է շուրջ 150 հոգի, քննարկվել է մեր ընթացիկ օրակարգը։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք իշխանական լրատվամիջոցների, հատկապես՝ իշխող ուժի պատգամավորների աննախադեպ ակտիվացումն այս ուղղությամբ։

– Ինձ համար և՛ հասկանալի, և՛ ծիծաղելի էին խորհրդարանի որոշ պատգամավորների երեկվա ջղաձգումները։ Իշխող խմբակցության ղեկավարը, պարզվեց, ևս ցնցված է այդ կեղծ և ճղճիմ լուրերից։ Կարելի էր, չէ՞, ցնցվելուց առաջ գոնե ճշտել լուրի իսկությունը։ Իր հերթին՝ ոմն նորելուկ պատգամավոր, նոր տերերին իր հավատարմության երդումը վերահաստատելու համար, իր չափն անցավ։ Իսկ ահա իրեն ընդդիմադիր պատգամավոր հռչակած ոմն Արման Բաբաջանյան, որի ողջ գործունեությունն ուղղված է պետության ներքին կայունությունը խաթարելուն և երկիրը ցնցումների տանելուն, կրկին աչքի ընկավ սողունի իր վարքագծով, այն է՝ կեղծ և զրպարտիչ հայտարարություններով փորձելով կրկին հայտնվել ուշադրության կենտրոնում։ Այս ամենի համար նա պատասխան է տալու։ Ցավում եմ, որ իշխանությունները հենվում են այս տեսակի վրա, և սրանք են նրանց հույսը։

– Կարծիք կա, որ այս ամենի միջոցով կարծես վերադարձ է կատարվում 1990-ական թվականներին, երբ նույնպես բարիկադների մի կողմում ՀՅԴ-ն էր, մյուս կողմում՝ տերպետրոսյանական ռեժիմը։ Դուք զուգահեռներ տեսնո՞ւմ եք։

– Իհարկե, և դա արդեն երևում է անզեն աչքով։ Ինչպես նշեցիք՝ այս ամենը մեզ համար ծանոթ ձեռագիր է, և ներկա իշխանավորներին խորհուրդ չեմ տա կրկնել իրենց «նախահայրերի» սխալները. թող բացեն և կարդան ոչ հեռու անցյալի պատմությունը։ Ես այս օրերին աննախադեպ ակտիվացած բոլոր շրջանակներին կոչ եմ անում՝ մի՛ ջղաձգվեք, ոտքի տակ մի՛ ընկեք, ի տարբերություն ձեզ, մեզ համար մեր երկրի կայունությունը և երկիրը ցնցումներից զերծ պահելը առաջնահերթ է։ Իսկ Դաշնակցությունն իր միասնական օրակարգով, կազմակերպական կառույցով, կուռ շարքերով և նվիրյալ անդամներով շարժվում է առաջ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում