ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:

Նա նշեց՝ ՀՅԴ ՀԵՄ-ը կենտրոնացած է իր թիվ մեկ օրակարգի վրա՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում վարվող քաղաքականություն և այդ քաղաքականության պատասխանատու Արայիկ Հարությունյանի հրաժարական:

«Մեր վերջին գործողությունից հետո ոստիկանության կողմից կիրառվեց անհամաչափ ուժ, որի միակ պատճառը և պատասխանատուն Արայիկ Հարությունյանն էր, որը պարզապես չգնաց հանդիպման, և ինձ թվում է՝ առաջիկա շաբաթում մենք էլի կունենանք համապատասխան ակցիա, որի մասին կտեղեկացնենք»,-ասաց Վարդանյանը:

Դիտարկմանը, թե շատերը պնդում են, թե Արայիկ Հարությունյանը հրաժարական չի ներկայացնելու, նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, թե «զրո քաղաքական ազդեցություն ունեցող ուժը» չի կարող հրաժարականի պահանջ ներկայացնել, Քրիստինե Վարդանյանն արձագանքեց.

«Մեզ մոտ ժպիտ է առաջացնում, երբ անընդհատ ասում են՝ մենք հասկանու՞մ ենք, որ Հարությունյանը հրաժարական չի տալու: Համաշխարհային պատմության մեջ, Հայաստանի պատմության մեջ այնպիսի դեմքեր են հրաժարական տվել, որ դրանից երկու շաբաթ առաջ չէին պատկերացնում, որ այդպիսի բան կարող է տեղի ունենալ: Զրո քաղաքական ազդեցություն ունեցող ուժին հակազդելու համար ամբողջ «Հանրային հեռուստաընկերության» եթերը մեկ օր տրամադրվում է այդ ուժի հակաքարոզչությանը: Եթե սա զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժն է, ես վախենում եմ պատկերացնել՝ ուժեղ ազդեցություն ունեցող քաղաքական ուժի դեմ ինչ է լինելու»:

Դիտարկմանը, թե նախարարի հրաժարականը պահանջողները սակավաթիվ են, ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչն արձագանքեց, թե շատերն իրենց աջակցում են՝ չցանկանալով հրապարակային ներկայանալ:

«Պատահական չէ, որ մեր քաղաքական հենասյուներից մեկը ժողովրդավարությունն է: Մենք պատրաստ ենք ցանկացած որոշում ընդունել, եթե համոզված ենք, որ դա ժողովրդի մեծամասնության կարծիքն է: Այդ տրամաբանությամբ շարժվելով՝ հասկանում ենք, որ միայն հանրային ուժեղ ճնշման դեպքում են հնարավոր պաշտոնյաների հրաժարականներ, ու մեր պայքարը շարունակելու մղիչ ուժն այն է, որ ճանաչելով հասարակությանը, շփվելով Հայաստանի մարզերի ու Երևանի բնակիչների հետ, հասկանում ենք, որ այս ոլորտներում վարվող քաղաքականությունն ու նախարարի վարած քաղաքականությունը անհասկանալի և անընդունելի են»,-ասաց նա, ապա հավելեց.

«Այլ հարց է, թե այդ մարդիկ ինչու հրապարակային տեսակետ չեն հայտնում կամ մեր կողքին չեն: Անցած տարի մարդկանց «սևի» ու «սպիտակի» բաժանելը վերջիններիս՝ տեսակետ հայտնելու խոչընդոտներից մեկն է: Վախենում են դեմ խոսելու հետևանքով պիտակավորվելուց, ֆեյքերի հարձակումներից»,-ամփոփեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում