Մեր պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է. Լիլիթ Թումանյան

Մեր պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է. Լիլիթ Թումանյան

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Երեսպաշտության և անբարոյականության ևս մեկ ապացույց տեսանք ի դեմս այս գործի: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի դիմաց, «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ, Armnews FM ռադիոկայանի տնօրեն Լիլիթ Թումանյանը:

«Քանի որ ակնհայտ օտարերկրյա գործակալական ցանցի պատվերով աշխատող որևէ խումբ՝ այս դեպքում «Ռեստարտ» խումբը, այսօրվա դրությամբ գտնվում է իշխանության հովանավորչության ներքո, որովհետև ոչ միայն հավուր պատշաճի պատիժ չի ստացել մինչ օրս, այլ նաև մենք տեսնում ենք, որ ազատորեն խախտում է օրենքը»,- ասաց նա և նշեց, որ դրա ապացույցն այն է, որ «Ռեստարտի» անդամներից մեկը հեռացել է պետությունից և վերադարձել` ըստ իր քմահաճույքի:

«Իշխանության զգալի մաս են կազմում այնպիսի պաշտոնյաներ, որոնք ուղղակիորեն օտարերկրյա գործակալական ցանցի կազմակերպիչների հետ փողկապակցված անձինք են, և մարդիկ, որոնք ժամանակին սպասարկել են այդ ցանցերը: Այսօրվա դրությամբ կարող ենք ասել, որ այսպիսով մեր պետության անվտանգությունը սպառնալիքի ներքո է»,-ասաց նա:

Լիլիթ Թումանյանը նշեց, որ «Ռեստարտը» կեղծ արդարության կեղծ օրակարգ է:

Նշենք, որ Երևանի Ամիրյան փողոցում մարտի 4-ին՝ կեսգիշերն անց, «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և հասարակական գործիչ Նարեկ Մալյանի միջև տեղի է ունեցել միջադեպ: Նարեկ Մալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ իր վրա հարձակվել էին «Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ անդամներ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցել` խուլիգանության հատկանիշներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում