Ապազգային իշխանության Ազգային ժողովը (Նեկրոլոգ)

Ապազգային իշխանության Ազգային ժողովը (Նեկրոլոգ)

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Մեկ տարի առաջ Հայաստանում իշխանազավթման ընթացքում արձանագրվեց ևս մեկ զոհ՝ երկրի օրենսիր մարմինը:

Էյֆորիկ շրջանում, վարչական ռեսուրսի կիրառմամբ, ատելության ծայրաստիճան դրսևորումներով ձևավորված Ազգային Ժողովը քաղաքական առումով ի սկզբանե մեռելածին էր, և պետք է արժանանար ոչ թե ծննդյան վկայականի, այլ մահախոսականի:

Ինչպես կանխատեսում էի, «Նիկոլի կեպկայի, ռյուկզակի և սելֆիի ձողիկի» չափ քաղաքական միտք ունեցող բազմաթիվ նորաթուխ իշխանական պատգամավորներ դարձան Փաշինյանի իշխանության օրենսդիր դեմքը, իսկ ավելի ստույգ՝ անդեմությունը:

Ընտրություններին իշխանությունը գործադրեց բոլոր ջանքերը, որպեսզի մի կողմից թույլ չտա Հանրապետականին հայտնվել ԱԺ-ում, մյուս կողմից՝ հասարակությանը առ այսօր անհայտ անձանց համար ապահովի բազմահազարանոց քվե: Գաղտնիք չէ, որ անգամ մեզ չհամակրող հազարավոր քաղաքացիներ ընտրություններից հետո վստահ էին, որ մեզ չեն թողել ԱԺ, իսկ «ռեկորդակիր» նորընտիրների դեմքն, անունը և գործունեությունը մինչ այսօր անհայտ է հայ հասարակությանը:

Ազգային Ժողովը սուբյեկտայնությունը ձգտում է զրոյի ոչ միայն ճնշիչ, անորակ և մարտնչող մեծամասնության, այլև իրական ընդդիմադիր ուժերի բացակայության պատճառով:

Պառլամենտը, որն ի սկզբանե չի արտահայտել հանրային քաղաքական ողջ ներկապնակը, դարձել է ոչ թե քաղաքական մտքի և մշակույթի զարգացման, երկրի քաղաքական օրակարգի ստեղծման հարթակ, այլ անվերջ հաթաթաների, փողոցային խոսակցությունների, սպառնալիքների և ճվճվոցի վոդեվիլային ինստիտուտ:

Պատահական չէ, որ ոչ իշխանական գործիչների շուրթերից այս կամ այն գործընթացի առնչությամբ պարբերաբար կարող եք լսել, որ նման բան անցյալում չի եղել, իսկ շարքային քաղաքացիների կողմից «ձեր տեղը ԱԺ-ում զգացվում է» արտահայտությունը այլևս ուղեկցում է ինձ և իմ գործընկերներին ամենուրեք:

Ներկա Ազգային ժողովը դիսֆունկցիոնալ է՝ երկրում տիրող համընդհանուր բարոյական և մտավոր անկման ֆոնին:

Իրեն ակնհայտորեն զգացնել է տալիս նաև օրենսդիր մարմնում ազգային գաղափարական հենքով քաղաքական ուժերի բացակայությունը, որն ի զորու չեն լրացնել նման օրակարգ գնահատող առանձին վերցրած գործիչները:

Փոխարենը այլևս լեգենդար են դարձել ԱԺ պարգևատրումների (10 ամսում՝14 անգամ), անթիվ և անպտուղ գործուղումների, շռայլ ծախսերի և արտերկրում մեր օրենսդիրների զավեշտալի արկածների մասին պատմությունները:

Ամփոփելով՝ պետք է փաստել, որ երկրում քաղաքական մտքի կլինիկական մահը կենսբանականի չվերածելու համար անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հատկապես հաշվի առնելով, որ այս ընթացքում առաջացել են նաև նոր քաղաքական ուժեր, որոնց ինտելեկտուալ ներուժը նույնպես գնահատելի է:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Image may contain: text

Հետևեք մեզ նաև Telegram-ում