Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում հայտնեց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:

«Դեկտեմբերի 9-ին Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության առաջին փուլում Սահակ եպիսկոպոս Մաշալյանն այնքան մեծ թվով ձայներ հավաքեց, որ աշխարհական 102 պատվիրակներն ու 17 հոգևորականներն այսօր խորհրդանշական ձևով գնում և քվեարկում էին Սահակ եպիսկոպոս Մաշալյանի՝ պատրիարք դառնալը պաշտոնականացնելու համար։

Նիստը բացվեց տերունական աղոթքով, որից հետո երկու եպիսկոպոսները դուրս եկան տաճարից, պատգամավորների վկայականների ստուգում տեղի ունեցավ, աղոթք արեցինք հոգելույս Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար, որից հետո սկսեց դռնփակ ժողովը, ապա դիվան ձևավորվեց, քվեարկության հանձնախումբը ձևավորվեց։ Օրակարգում պատրիարքի ընտրությունն էր և Պոլսո աթոռի նոր կրոնական ժողովի ընտրությունները»,– նշեց Գոչունյանը։

Վերջինս հավելեց նաև, որ ըստ կարգի, 2 հոգևորական և 2 աշխարհիկ պատվիրակներ նոր պատրիարքին պետք է առաջնորդեն տաճար․

«Այս անգամվա նորությունն այն էր, որ երեկոյան տաճարում «Հրաշափառի» արարողություն տեղի կունենա, այսպիսով՝ պաշտոնապես հայտնի կդառնա, որ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը դառնում է Պոլսո 85-րդ պատրիարք»։

Նշենք, որ Պոլսո նորընտիր 85-րդ պատրիարքը պետք է կատարի երդման արարողություն և մատուցի անդրանիկ պատարագը։

Հիշեցնենք, որ պատրիարքի երկու թեկնածուներն էին Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունն անցկացվում է երկաստիճան սկզբունքով՝ համաձայն 1863 թվականի Ազգային սահմանադրության: Հոգևորական և աշխարհական պատվիրակները միասին են ընտրում պատրիարքին:

Նշենք նաև, որ այսօր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական գրառում է կատարել, մասնավորապես նշել է՝ «Ազգային պատգամավորական ժողովն այսօր ընտրում է Պոլսո Պատրիարքական Աթոռի 85-րդ գահակալին։ Առաջին փուլի քվեարկության արդյունքում գահ է բարձրանալու Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, որը վերջին շրջանում զբաղեցնում է տեղապահի պաշտոնը, իսկ այժմ արդեն ստանձնելու է նվիրական ու Սուրբ աթոռի ղեկը։ Այսպիսով՝ անկեղծորեն շնորհավորում եմ նորընտիր պատրիարքին և մաղթում հաջողություններ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում