Դեմոկրատները պատրաստում են պաշտոնական մեղադրանքներ, Թրամփը` սպասում Սենատում իր հաղթանակին

Դեմոկրատները պատրաստում են պաշտոնական մեղադրանքներ, Թրամփը` սպասում Սենատում իր հաղթանակին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովը նախօրեին ներկայացրեց իմպիչմենթի հարցով լսումների եզրակացությունը, ինչը հիմք է նախապատրաստում Դոնալդ Թրամփի դեմ պաշտոնական մեղադրանքներ ներկայացնելու համար:

Սակայն հանրապետականները պնդում են, թե դեմոկրատների կազմած գործը թույլ է: Նրանցից Դագ Քոլինզի խոսքերով, չկա հանցագործություն և դեմոկրատների միակ նպատակը նախագահի վերընտրությունը կանխելն է:

Հանրապետականների իրավական հարցերով խորհրդական Սթիվըն Քասթորի խոսքերով էլ, դեմոկրատները պարզապես ուզում են ստվեր նետել 2016-ի նախագահական ընտրությունների վրա:

«Նրանք ուզում են իմպիչմենթի ենթարկել նախագահին միայն այն բանի համար, որ համամիտ չեն նրա քաղաքականությանը»,- ասում է նա, երբ հանձնաժողովի նախագահը պնդում է, թե Ուկրաինայի նախագահի հետ Թրամփի հեռախոսազրույցն իմպիչմենթի համար անհրաժեշտ արդեն մի քանի հանցագործություն է պարունակում: Նրա խոսքերով, դրանց շարքում են իշխանության չարաշահումը, ազգային անվտանգության անտեսումը և ընտրություններում կոռուպցիան: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներն այժմ ունեն յոթ օր, այս մեղադրանքները քվեարկության դնելու համար:

Թրամփը դիտել է վերջին լսումները ու այն անվանել «խայտառակություն երկրի համար», ինչը, ասում է նա, հարկավոր է կանգնեցնել:

Նա ուզում է տեսնել, թե ինչպես է իմպիչմենթի գործը փոխանցվում Կոնգրեսի վերին պալատին` Սենատին: Նա այս մասին ասում է քմծիծաղով, քանի որ գիտի, որ հանրապետական մեծամասնություն ունեցող այս պալատում իմպիչմենթի գործընթացը կհասնի իր վերջին կանգառին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում