Հանդուրժող եղեք այլակարծության հանդեպ, այնպես չէ, որ դուք անսխալական եք, անքննադատելի ու անքննելի եք. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլին»

Հանդուրժող եղեք այլակարծության հանդեպ, այնպես չէ, որ դուք անսխալական եք, անքննադատելի ու անքննելի եք. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլին»

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Այդուհանդերձ ինձ շարունակում է զարմացնել այս ագրեսիան և անհանդուրժողականությունը ցանկացած կարծիքի հանդեպ, որը չի համընկնում մեծամասնության կարծիքի հետ: Այս մասին Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից վարկ վերցնելու հարցի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այո, մենք իրավունք ունենք ողջախոհ հարցեր հնչեցնելու՝ ինչի՞ համար են ներգրավվում վարկերը, որովհետև, հարգարժան հիմնական զեկուցող, Դուք այդպես էլ չկարողացաք պատասխանել նպատակայնությանը, նպատակահարմարությանը և հնարավոր արդյունավետությանը»,- ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին դիմելով՝ ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ իրենք իրավունք ունեն տալու այդ հարցերը և իրենց համար բացարձակապես հասկանալի չէ, ագրեսիան այն կարծիքի հանդեպ, որը չի համընկնում նրանց տեսակետի հետ: «Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանի»՝ այս հարթակից ամեն օր ինչ-որ բան հիշեցնելուն. այո, եղել են վարկեր, որոնց մենք քվեարկել ենք կողմ, դա եղել է զենքի ձեռքբերման վարկը, դա եղել է Գյումրիի ասֆալտապատման վարկը, բայց եղել են բազմաթիվ վարկեր, որոնց մենք դեմ ենք քվեարկել»,- ասաց պատգամավորը և հիշեցրեց 500 միլիոնանոց վարկը, որը ռուսական էր և բերել, ասում էին՝ քվեարկեք, հետո կասենք,թե ինչի համար է, որին իրենք դեմ են քվեարկել:

«ԲՀԿ-ն նման և նմանօրինակ վարկերին քվեարկել է դեմ: Հիմա ինչո՞ւ եք վրդովվում, որ մենք ուզում ենք ստանալ շատ պարզ հարցի պատասխան. եթե մենք այսօր չունենք ֆինանսի խնդիր, ինչպես բազմիցս այս ամբիոնից ցիտել է ՀՀ վարչապետը, և դուք ասում եք՝ դե գումար է, արտոնյալ վարկ է, վերցնենք, հետո կմտածենք ինչի վրա ենք ծախսում: Դուք դա պետք է նախապես մտածած լինեիք, գոնե մոտավոր ճանապարհային քարտեզ ունենայիք, թե ինչ ուղղություններով է այդ վարկն իրացվելու, որպեսզի այս ամբիոնից այդ տրամաբանական հարցերը չհնչեին»,- ասաց նա:

Պատգամավորը իշխող մեծամասնությանը չվրդովվելու կոչ արեց. «Մի՛ վրդովեք, այնպես չէ, որ դուք անսխալական եք, անքննադատելի եք, անքննելի եք, և չի կարելի ձեզ քննադատել, չի կարելի ձեզ հետ չհամաձայնել: Սա ուղղակի հակասում է այն արժեքներին, որոնք հռչակելով, դուք եկել եք իշխանության: Հանդուրժող եղեք այլակարծության հանդեպ, այլապես այս մթնոլորտն այս խորհրդարանում դառնում է ուղղակի անտանելի»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում