Ծառայությունից խուսափած քաղաքացիներն այլևս չեն կարող գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից

Ծառայությունից խուսափած քաղաքացիներն այլևս չեն կարող գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԿառավարությունը 2020 թվականի հունվարի 1-ից չի երկարաձգվի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը։

Օրենքը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ օրենքի գործողության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ օրենքը դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց կամ այն խթանելու հանգամանք, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքով կարգավորվող հարաբերությունների և դրանում սահմանված ժամկետների պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից։ Այնուհետև, ըստ նախարարի, 27 տարին լրանալուց հետո վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական պատասխանատվությունից, ինչն իրավահավասարության ապահովման սահմանդրական սկզբունքի տեսանկյունից արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած քաղաքացիների նկատմամբ:

«Չնայած վերջին տարիներին զինվորական ծառայության գրավչության ապահովման գործընթացում կատարված իրական քայլերից, զինվորական ծառայության զորակոչերից խուսափող անձանց թիվը չի նվազում, ինչը մեր կարծիքով, կապված է նաև տվյալ օրենքի առկայության հետ»,- նշեց Դավիթ Տոնոյանը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախարարը հայտնեց, որ նպատակահարմար չէ խրախուսական համարվող Օրենքի գործողության ժամկետի հետագա երկարաձգումը այն նույն պայմաններով, որոնք այս պահին գործում են օրենքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքի երկարաձգում այլևս չի լինելու, բայց այդ օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Կարևոր է արձանագրել հետևյալը, որ մինչ դեկտեմբերի 31-ը օրենքը ուժի մեջ է և այն սիրելի հայրենակիցները, որոնք համարում են, որ լավ չի, որ այս օրենքի ուժը չեն երկարաձգելու, հնարավորություն ունեն հենց այսօր ինքնաթիռի տոմս առնել, գալ Հայաստան, այս բոլոր գործընթացներն անցնեն և Նոր տարին էլ Հայաստանում նշեն»,- նշեց վարչապետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում