Գործ ունենք ԱՄՆ կողմից մշակվող քաղաքականության հետ, որի հասցեատերը միայն Թուրքիան չէ. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը առաջացնում է հարցեր, որին առնվազն պետք է ուշադիր լինել արտաքին քաղաքականության պլանավորման գործընթացում: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
«Կասկած չի հարուցում, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամի փուլում են, այն, որ ամերիկյան հասարակության մեջ այդ տրամադրություններն ունենում են իրենց դերակատարումը, նույնպես հարցեր չի առաջացնում: Սակայն նույն օրն ընդունել պատժամիջոցների վերաբերյալ բանաձև և չբավարարվել դրանով, երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ում և տարածաշրջանում դաշնակցիդ, առնվազն մտածելու տեղիք է տալիս` արդյոք այս ուղերձը միայն Թուրքիայի՞ն է ուղղված», – նշում է Կարեն Բեքարյանը` հիշեցնելով, որ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետ նույն օրը ընդունվել է նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ բանաձև, իսկ Սենատում բանաձևի ընդունմանը նախորդել է հանձնաժողովի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների բանաձևի նախագծի ընդունումը:
«Միացյալ Նահանգներում նախընտրական գործընթացը դեռ ողջ թափով չի մտել իր տրամաբանության մեջ, իսկ ինչպես ցույց է տալիս փորձը, այսպիսի հարցերն ընդունվում են ամենահանգուցային պահերին, որպեսզի դրանք ունենան իրենց ազդեցությունը քվեների վրա: Հետևաբար, սա կարելի է դիտարկել պատճառների մեջ, սակայն հիմնական պատճառ դիտարկել ուղղակիորեն չի ստացվում», – ընդգծում է վերլուծաբանը:
«Մենք գործ ունենք ԱՄՆ կողմից մշակվող քաղաքականության հետ, որի հասցեատերը միայն Թուրքիան չէ», – ընդգծում է վերլուծաբանը: Կարեն Բեքարյանը հիշեցնում է, որ Սենատի բանաձևի ընդունումից առաջ` այս շաբաթ, Վաշիգտոնում կայացել են Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի և նախագահի հետ, իսկ Միացյալ Նահանգները, ինչպես գիտենք, Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի Դաշնության հետ մշտապես ունեցել է նորանկախ հանրապետություններում ազդեցության թեժ մրցապայքար:
«Կա՞ արդյոք հնարավորություն դիտարկելու իրավիճակ, երբ ԱՄՆ-ում որոշման ընդունման գործընթացին մասնակիցներն առաջիկայում տեսնում են հնարավորություն հայ հասարակությանը որևէ կերպ ուղերձ հղելու պրոամերիկյան ընդհանուր համատեքստում: Եթե մեր տարածաշրջանը, այդ թվում մենք` Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, կանգնած ենք ինչ-ինչ գլոբալ փոփոխությունների հնարավորության առաջ, ապա այս պարագայում Միացյալ Նահանգները հետամուտ են լինում առնվազն ուղերձ հղելու, որ այն ինչը կլինի մեր շահերի դեմ, իրենք դրա հետ որևէ կապ չունեն», – նշում է Բեքարյանը:
Կարեն Բեքարյանը չի կիսում տեսակետն առ այն, որ օրենսդիր մարմնի մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը կապված է ԱՄՆ ներքաղաքական զարգացումների հետ, և որ այն ամերիկյան վարչակազմի, անձամբ Թրամփի կամ կուսակցություններից յուրաքանչյուրի կողմից 2020 թվականի ընտրություններին ընդառաջ ձայներ հավաքելու գործընթացի որոշակի դրսևորում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում