Ինչ աղբ ասես չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին, ու ոչ մի արձագանք չեղավ. Աշոտյան

Ինչ աղբ ասես չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին, ու ոչ մի արձագանք չեղավ. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ինձ համար անհասկանալի է, երբ պետության քարոզչական ապարատը ԱԺ-ց մինչև ՊՈԱԿ պատասխանում է Ղարաբաղի հարցով մեր քննադատությանը, բայց ոչ Մամեդյարովի, Ալիևի և այլն, «Ադեկվադ-դիսկուրս» քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Վերջինս, մասնավորապես, ընդգծեց վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից Թուրքիայի առաջին տիկնոջը Արցախ հրավիրելու հայտարարությունը, որից հետո ադրբեջանական մամուլում ՀՀ առաջին տիկնոջն ուղղված հրապարակումներ եղան, որոնց, սակայն, Հայաստանի կողմից արձագանք չեղավ:

«Երբ ընթերցում էի Աննա Հակոբյանի, մեղմ ասած, անհաջող վերջին հանրային դիսկուրսին ադրբեջանական մամուլի արձագանքը, ես ինձ շատ վիրավորված եմ զգացել՝ որպես ՀՀ քաղաքացի: Կապ չունի, որ ես չեմ կիսում Աննա Հակոբյանի ամուսնու քաղաքական հայացքները և չեմ ողջունում Հակոբյանի ցանկությունը՝ շահագործելու մարդուն տված մանդատը, բայց որպես հայ՝ շատ վիրավորական է, երբ «ազ» վերջածանցով տարբեր կայքեր ինչ աղբ ասես չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին, ու ոչ մի արձագանք չեղավ: Հասկանում եք՝ ինչ ա սա նշանակում, մարդիկ անգամ իրենց պատիվը, թասիբը, նամուսը չեն ուզում պաշտպանեն: Դրա փոխարեն նստել են ամբողջ ԱԺ-ով նայում են մեր հարցազրույցները ու կպնում են Ղարաբաղի հարցով մեզ: Այ սա ես ոչ մի կերպ չեմ հասկանում», – ասաց Աշոտյանը:

Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային որպես հյուր հրավիրել էր Արցախ՝ նշելով, որ ինքն էլ պատրաստ է այցելել Բաքու: Մեհրիբան Ալիևան Աննա Հակոբյանի հրավերը թողել է անպատասխան, փոխարենը ադրբեջանական լրատվամիջոցներին ադրբեջանցի պատգամավորներից մեկը ասել էր, որ Աննա Հակոբյանն Ալիևայի մակարդակի մարդ չէ, որ նրա խոսքին ուշադրություն դարձնեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում