Հայաստանի ղեկավարի շուրթերից լեգիտիմացվում է Արցախի ադրբեջանական համայնքը. Ղազինյան

Հայաստանի ղեկավարի շուրթերից լեգիտիմացվում է Արցախի ադրբեջանական համայնքը. Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Արցախի հարցի շուրջ տագնապ կա, և դրա համար հիմք է հանդիսացել Հայաստանի նոր իշխանությունների չունեցած ռազմավարությունը»,- այս մասին Արցախի հարցի վերաբերյալ «Ադեկվադ» դիսկուրսի ընթացքում նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

Ղազինյանի խոսքով, Արցախի հարցի շուրջ իշխանությունը կատարում է քայլեր, որոնք հիմնված չեն կոնկրետ տեսլականի կամ ռազմավարության վրա։

«Ադրբեջանը 1994 թվականից էս կողմ վարում է Հայաստանի սպառման քաղաքականություն, իսկ հիմա հասել է դրա կուլմինացիային՝ սպառել բանակցային գործընթացը։ Հատկապես Ռուսաստանի արտգործնախարարի այցից անմիջապես առաջ, Ադրբեջանը ներկայացրեց իր կարմիր գիծը՝ հուշագիր վերջնագրի տեսքով։ Դրանից հետո Հայաստանի իշխանությունը պետք է ցույց տար իր կարմիր գիծը՝ նշելով, որ Հայաստանի հետ վերջնագրի լեզվով խոսել ուղղակի հնարավոր չէ։ Դա ազգային արժանապատվության խնդիր էր, մինչդեռ այսօրվա իշխանության մոտ ազգային արժանապատվության նշաձողը սահմանված է շեյխերի՝ ջինսերով քաղաքապետարան մտնելու հարցում»,– ասաց նա։

Ըստ Ղազինյանի, բանակցային գործընթացը սպառելու և պատերազմի լեգիտիմ հիմքեր ստեղծելու համար Ադրբեջանը, փաստացի, գնում է կոնկրետ քայլերի։ Եվ այս առումով Հայաստանի իշխանությունները այդքան էլ սթափ չեն գնահատում իրավիճակը, և դրանից թելադրված կոնկրետ քայլեր չեն իրականացնում։

«Ինձ այդքան էլ չի անհանգստացնում Ադրբեջանի կարմիր գծեր ունենալու հանգամանքը, դա միշտ էլ եղել է, ինձ ավելի շատ անհանգստացնում է Հայաստանի կարմիր գծերի բացակայությունը։ Ինչու մենք չունենք սահմանված կարմիր գծեր։ Ինչու մեր իշխանությունը չի հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու։ Դա որոշակի կարմիր գիծ է, որպեսզի հասարակության մեջ լինի համոզմունք, վստահություն, որ այս իշխանությունը նշված գծից էն կողմ չի անցնելու»,- նշեց Ղազինյանը։

Արցախի հարցում ռազմավարության և տեսլականի «բացակայությունը», Ղազինյանի խոսքով, հանգեցնում է այնպիսի սխալների, ինչպիսիք են իրարամերժ հայտարարությունները՝ կապված Արցախի հետ։ Նախ իշխանությունն ասում է, որ մանդատ չունի խոսելու Արցախի անունից, ապա շեշտում է, որ Արցախը Հայաստան է և վերջ, և երրորդը՝ Հայաստանի ղեկավարի շուրթերից լեգիտիմացվում է Արցախի ադրբեջանական համայնքը. «Սա ամենամեծ սխալն է եղել։ Պետության ղեկավարն ուղղակի իրավունք չուներ իր խոսքով լեգիտիմացնել դա՝ Ադրբեջանին տալով հնարավորություն խոսել այդ համայնքի լեգիտիմ և օրինական պահանջի մասին»։

Ղազինյանի համոզմամբ՝ իշխանությունը պետք է դրսում Հայաստանը ներկայացնի ուժեղ դիրքից, և այդ հարցում ընդդիմությունը նրան սատարում է։

«Ես չեմ հավատում, որ Հայաստանում եղել են, կան և կլինեն հակահայկական և Հայաստանի շահերին հակառակ իշխանություններ։ Դա ուղղակի մեր հասարակությունը չի հանդուրժի։ Հիմա եկել է մի պահ, որ իշխանությունն իր անգործության պատճառով հայտնվել է ծուղակում։ Եվ եթե Ադրբեջանը համաձայնել է Լավրովի պլանը քննարկել, ապա Հայաստանը հայտնվել է ծուղակում։ Դրանից դուրս գալու համար պետք է օգնել իշխանությանը և համահայկական ծրագիր մշակել»,- եզրափակեց խոսքը Արթուր Ղազինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում