Իհարկե, կա սեղանին դրված փաստաթուղթ, այն խոստումների դիմաց տարածքային զիջումների մասին է. Շահնազարյան

Իհարկե, կա սեղանին դրված փաստաթուղթ, այն խոստումների դիմաց տարածքային զիջումների մասին է. Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ես վստահ եմ, որ արցախյան հարցի բանակցային սեղանին կա փաստաթուղթ, ավելին՝ այն խոստումների դիմաց տարածքային զիջումներ անելու մասին է: Երբ դեռ այս իշխանությունները փողոցում էին, ես ասում էի՝ սա հակաարցախյան շարժում է: Շատ հիմնավորումներ եղան, որ Հայաստանի և Արցախի միջև փոխօգնության պայմանագիր պետք չէ։ Մինչև այս իշխանությունը, ես էլ էի վստահ, որ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև կար վստահություն, որ առանց այդ թղթի էլ ամեն ինչ արվում է։ Լրիվ կիսում եմ այն մտահոգությունները, որ այս իշխանությունները ոչինչ էլ չեն անում»,- «Ադեկվադ դիսկուրս» քննարկմանն ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։

Ըստ նրա, ԼՂ ադրբեջանական համայնքի սուբյեկտայնությունը բարձրացնելուն զուգահեռ նվազում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը։ Իսկ այդ սուբյեկտայնությունն ընդգծելու համար էլ անհրաժեշտ է փոխօգնության պայմանագիրը և միամտություն է կարծել, որ այս իշխանությունները սխալ են անում:

«Ո՛չ, այս իշխանությունները շատ ադեկվատ են, ոչ մի սխալ չեն արել, միակ բանը, որ սխալ են անում, դանդաղությունն է․ նրանք դանդաղ են իրականացնում այն ծրագիրը, որն իրագործելու համար եկել են իշխանության։ Պետք է կույր լինել, որ չտեսնել, որ սա դրսից ուղղորդվող իշխանություն է: Չեմ հավատում այն պնդումներին, որ բանակցային սեղանին փաստաթուղթ չկա»,- նշեց Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ իհարկե, փաստաթուղթ կա, և այս իշխանությունները համարում են, որ բանակցային փաստաթուղթը միայն այն է, որը ստորագրված է, բայց այդպես չէ։

«Իհարկե, կա սեղանին դրված փաստաթուղթ։ Այնտեղ խոստումների դիմաց տարածքային զիջումներ անելու մասին է գրված»,- հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում