Բրիտանացին զբոսանքի ժամանակ իխտիոզավրի կմախք է գտել (լուսանկարներ)

Բրիտանացին զբոսանքի ժամանակ իխտիոզավրի կմախք է գտել (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Անգլիական Սոմերսեթ կոմսության Սթոլֆորդ քաղաքի բնակիչ Ջոն Գոպսիլն իր շների հետ զբոսնելիս իխտիոզավրի քարացած կմախք է հայտնաբերել, գրում է Fox news-ը:

54-ամյա բրիտանացին պատմել է, որ ափին ոտքն ինչ-որ բանի է դիպել: Ուշադիր նայելուց հետո նա մեկուկես մետրանոց քարացած զանգված է նկատել:

Գոպսիլը, որը զբաղվում է հնէաբանությամբ, եզրակացրել է, որ իրեն բախտ է վիճակվել սայթաքել իխտիոզավրի կմախքի վրա։

«Ես հաճախ եմ շներիս լողափին զբոսանքի տանում: Այնտեղ գտնվելու ժամանակ մի բան գրավեց ուշադրությունս»,- հայտնել է տղամարդը՝ հավելելով, որ ուշադիր զննելուց հետո հասկացել է, որ թանգարանային գտածո է գտել:

«Նայելով այս գտածոյին և հիմնվելով կրծքավանդակի մեջ ոսկորների քանակի, կոնքոսկրի ակնհայտ բացակայության, ինչպես նաև մեջքի «սապատի» առկայության վրա՝ դա, հավանաբար, իխտիոզավրի մնացորդներ են», – ասել է Լոնդոնի բնական պատմության թանգարանի աշխատակից Մայք Դեյը և հավելել. «Սակայն անհնար է որոշել իխտիոզավրի ճշգրիտ տեսակը»:

Իխտիոզավրը կամ ձկնամողեսը բրածո ծովային հսկայական սողուն է՝ մեզոզոյի մահացած սողունների ենթադաս: Ամենից առավել տարածվել են Յուրայի ժամանակաշրջանում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում