«Մեկ Հայաստան» կուսակցությունը կմշակի Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

«Մեկ Հայաստան» կուսակցությունը կմշակի Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Մեկ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի նիստում որոշում է կայացրել մշակել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին ՀՀ օրենքի նախագիծ և այն դնել շրջանառության մեջ,– լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

«Դա մեր պատասխանն է Ադրբեջանի կողմից Բրատիսլավայում կայացած հանդիպումից առաջ հրապարակված հուշագրի, ապա նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից տրված հարցազրույցում տեղ գտած մտքերի»,- նշեց նա:

Ա. Ղազինյանն ասաց, որ խոսքը գնում է Արցախը ճանաչելու գործընթաց սկսելու մասին, որը կարող է տևել 10 օր, կարող է տևել 10 տարի. «Այսինքն, սկսել գործընթաց, դեռ չի նշանակում գործընթացն ավարտել կոնկրետ ժամկետներում: Խոսքը գնում է Արցախի ճանաչման օրակարգը մշտապես պահել Հայաստանի քաղաքական օրակարգում օրենքի տեսքով: Այսինքն, մենք նախաձեռնելով այս գործընթացը, սահմանում ենք այն կարմիր գիծը, որից այն կողմ որևէ իշխանություն՝ թե նախկին, թե այսօրվա, թե ապագայի, անցնելու ոչ մի իրավունք չունի»:

Նրա խոսքով, Ադրբեջանի կողմի ցանկացած քայլ ուղղված Արցախի տարածքային ամբողջականության և անվտանգության դեմ անմիջապես կհանգեցնի սույն օրենքի ընդունման գործընթացի ակտիվացման, ապա նաև դրա վերջնական հանգուցալուծման:

Ա. Ղազինյանն ասաց, որ Արցախյան հակամարտության կարգավորումը Հայաստանի երրորդ Հանրապետության ողջ պատմության գոյության ընթացքում եղել, ներկայումս մնում է, առաջիկայում լինելու է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի առանցքային և ամենակարևոր հարցը:

«Արցախի հարցում սեփական կետ մեր կուսակցության համար գոյություն չունի: Արցախյան հակամարտության կարգավորման հարցում կա մեկ կետ՝ 2007 թվականին ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ ամրագրված կետերն են: Սա բոլոր իշխանությունների համար պետք է դառնա ելակետային արցախյան հակամարտությունը կարգավորելու համար»,- նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահը:

Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դիրքորոշումները, պատկերացումները երբևէ 100 տոկոսով չեն համընկել և չեն կարող համընկնել:

«Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունների ժամանակ եղել են լրջագույն տարաձայնություններ Արցախի և Հայաստանի իշխանությունների մոտ հակամարտության կարգավորման կարևոր առանցքային հարցերում: Հետևաբար, ներկայումս խոսել 100 տոկոս համաձայնության մասին, ուղղակի աբսուրդ է, չկա նման բան»,- ասաց Արթուր Ղազինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում