Կիևում բողոքի ցույցերի ու բախումների հետևանքով կան վիրավորներ ու ձերբակալվածներ

Կիևում բողոքի ցույցերի ու բախումների հետևանքով կան վիրավորներ ու ձերբակալվածներ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Առնվազն 17 ուկրաինացի ոստիկան է վիրավորվել Կիևի կենտրոնում՝ Ռադայի շենքի մոտ բողոքի ակցիաների մասնակիցների հետ բախումների արդյունքում: Նախօրեին Կիևում միանգամից մի քանի բողոքի ցույցեր էին անցկացվում՝ կառավարության կողմից առաջարկված գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի մասին օրինագծի դեմ:

Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են վրաններ տեղադրել խորհրդարանի շենքի մոտ գտնվող ավտոճանապարհի վրա, իսկ անվտանգության ուժերը թույլ չեն տվել։ Ցուցարարներն իրավապահների ուղղությամբ նետել են քարեր և շշեր, փայտերով ծեծի ենթարկել: Ի պատասխան՝ ոստիկաններն օգտագործել են ռետինե մահակներ և արցունքաբեր գազ: Ըստ ՆԳՆ ներկայացուցչի, ձերբակալվել է 26 մարդ: Այս մասին գրում է euronews-ը։

Ռադայի կողմից մեկ ամիս առաջ առաջին ընթերցմամբ ընդունված փաստաթուղթը նախատեսում է հաջորդ տարվա հոկտեմբերի 1-ից գյուղատնտեսական նշանակության հողեր ձեռք բերելու հնարավորություն ուկրաինական ֆիզիկական և իրավաբանական անձանց, տարածքային համայնքների և պետության կողմից: Նաև որոշ պայմաններում օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են դառնալ գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատեր:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է անկարգությունները, բայց խոստացել ուշադրություն դարձնել ուկրաինացիների կարծիքին՝ նշելով, որ նախքան երկրորդ ընթերցումը օրինագիծը փոփոխություն կկրի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում