«Փաստ». Իշխանությունները չարաշահում են ժողովրդի անունն ու վստահությունը

«Փաստ». Իշխանությունները չարաշահում են ժողովրդի անունն ու վստահությունը

«Նիկոլ Փաշինյանն իր բազմաթիվ հայտարարություններում ընդգծում է, թե ժողովուրդը իշխանության միակ և անփոխարինելի բացառիկ աղբյուրն է, իսկ իրենք էլ ժողովրդի կողմից ընտրված իշխանություններն են, որ աշխատում են ժողովրդի շահերն առաջ տանելու նպատակով:

Սակայն ժողովրդից եկող պահանջները իրականություն դարձնելու համար կառավարությունը պետք է թափանցիկ աշխատի ժողովրդի հետ, բայց արդեն պաշտոններում տաքուկ տեղավորված և իրենց ժողովրդի իշխանություն հռչակած ՔՊ-ականները ցանկություն չունեն բաց և թափանցիկ աշխատել հանրության հետ և առաջնահերթ սպասարկել հասարակության շահերը:

Խնդիրն այն է, որ կառավարությունը շատ հարցերում հաշվի չի առնում ժողովրդի կարծիքը, այնինչ Փաշինյանն իր հանրահավաքներում հայտարարում էր, որ յուրաքանչյուր քաղաքացի վարչապետ է, և ժողովուրդը պետք է որոշի, թե ինչ ապագա է սպասվում մեր երկրին:

Թերևս դրանով էր պայմանավորված, որ Փաշինյանը իր հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ Հանրապետության հրապարակը կարող է դառնալ 21-րդ դարի մարդկության նորագույն ժամանակների Ագորան:

Ուշագրավ է, որ ներկայիս կառավարության շռայլ ծախսերի մասին քաղաքացիները տեղեկանում են միայն մամուլում շրջանառվող տեղեկություններից, և միայն դրանից հետո է, որ կառավարությունը շտապում է պարզաբանումներ տալ և փորձել հիմնավորել իրենց կողմից կատարված շռայլությունները:

Այդպես եղավ նաև նախարարների, մարզպետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը հանրությունից գաղտնի գրեթե կրկնակի բարձրացնելու դեպքում։

Երբ հանրությունը տեղեկացավ այդ մասին մամուլից, դրանից հետո միայն Փաշինյանի թիմը բարեհաճեց հանրությանը ներկայացնել որոշակի հիմնավորումներ, թե ինչի համար է գնացել այդ քայլին:

Իշխանությունները հանրային միջոցները ծախսում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Եվ տպավորություն է ստեղծվում, թե իրենք դուրս են հանրային վերահսկողությունից:

Կառավարությունը Փաշինյանի գլխավորությամբ առանց որևէ լուրջ անհրաժեշտության ահռելի գումարներով վերանորոգել է կառավարական առանձնատունը, 55 մլն դոլար հատկացրել է նոր ինքնաթիռ ձեռք բերելու համար, գնել է 2 «Mercedes-Benz» S դասի (S 600 W 222) ամբողջությամբ զրահապատ մեքենաներ, որոնցից յուրաքանչյուրի գինը, ըստ մամուլի հրապարակումների, 550.000 դոլար է:

Եվ սա բավարար չէ, հիմա էլ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններից պարզվում է, որ պետական պահպանության ծառայության միջոցներով վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 թվականի արտադրության, 27 հազար դոլար արժողությամբ Nissan X Trail մակնիշի ամենագնաց»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում