Քադիրովը հայտարարել է, որ պատրաստ է կյանքը տալ հանուն Ռուսաստանի

Քադիրովը հայտարարել է, որ պատրաստ է կյանքը տալ հանուն Ռուսաստանի

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ պատրաստ է կյանքը տալ Ռուսաստանի և Ռուսաստանի նախագահի համար, այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Չեչնիայի նախագահը մինչ օրս ամեն օր վտանգների է ենթարկվում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Պուտինն այսօր տարեվերջյան մեծ ասուլիսի ընթացքում պատմել է, որ Չեչնիայի առաջին նախագահ Ահմադ Քադիրովը ինքն է եկել իր մոտ, որպեսզի կառուցի հանրապետության հարաբերությունները Մոսկվայի հետ, և ահաբեկիչների ձեռքից մահացել է ոչ միայն հանուն Չեչնիայի, այլ նաև հանուն Ռուսաստանի, իսկ նրա որդի Ռամզան Քադիրովը «մինչև հիմա մեծ վտանգների է ենթարկվում»:

Նախագահը պատմել է նաև, որ չնայած իր արգելքին՝ Քադիրովն անձամբ է մասնակցում բազմատեսակ մարտական գործողությունների: Մեկնաբանելով Ռամզան Քադիրովի պետական պարգևատրումը՝ Պուտինը նշել է, որ ինքը «հենց այնպես Ռուսաստանի հերոսի կոչման հրամանագրեր չի ստորագրում»:

«Ձեր բարձր վստահությունն արդարացնելու համար, մենք պատրաստ ենք օրուգիշեր աշխատել, պայքարել և եթե անհրաժեշտ լինի՝ տալ մեր կյանքերը հանուն Ռուսաստանի և մեր նախագահ Վլադիմիր Պուտինի»,– Telegram-ի իր ալիքում գրել է Ռամզան Կադիրովը:

Նա ընդգծել է, որ իր, իր ընտանիքի և հանրապետության ժողովրդի համար ոչ մի ավելի թանկ բան չկա, քան ջերմ խոսքերն իր հոր հասցեին:

«Ես այս օրը պատմական եմ համարում մեր ժողովրդի համար: Խոսելով Ահմադ-Հաջիի մասին՝ Դուք խոսում էիք ամբողջ ժողովրդի մասին»,-նշել է Քադիրովը:

Նա վստահեցրել է նաև, որ աշխատելու և պայքարելու ոչ մի խնդիր չկա, «երբ Ռուսաստանն այսպիսի նախագահ ունի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում