Սա դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու հերթական գործընթացն է. Արամ Օրբելյան (տեսանյութ)

Սա դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու հերթական գործընթացն է. Արամ Օրբելյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ նախօրեին Ոստիկանության հրապարակած տեսանյութը ժպիտ է առաջացնում՝ ցուցադրման ձևի, ժամանակահատվածի, տեսախցիկների, ավտոմատի և այլ առումներով: Երկրորդ. տեսանյութը չի վերաբերում «Մարտի 1-ի» առանձնացված գործին: Այս ամենից կարելի է ենթադրել, որ սա հերթական գործընթացն է դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

2-րդ նախագահի պաշտպանը պատահական չի համարում տեսանյութի հրապարակման օրը: Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հրապարակվելու է Ռոբերտ Քոչարյանի՝ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը:

«Իրականում, կարծում ենք, որ սա պատահական չէ: Առաջին դեպքը չէ, երբ կարևոր որոշմանը նախորդում են հրապարակումներ: Դա կլինի ոստիկանության տեսանյութ, գործադիրի կամ օրենսդիրի ինչ-որ ելույթներ»,- ասաց նա:

Արամ Օրբելյանը հիշեցնում է, որ մի քանի ամիս առաջ՝ սեպտեմբերին, երբ Աննա Դանիբեկյանը որոշում պետք է հրապարակեր՝ Սահմանադրական դատարանի կողմից 35-րդ հոդվածի հակասահմանադրական ճանաչելու հետ կապված՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ, դրա նախօրեին և´ ԱԺ, և´ Կառավարության ներկայացուցիչները հայտարարում էին, որ ՍԴ որոշումը պետք է քննարկվի, այլ ձև պետք է մեկնաբանվի, այս որոշումը սխալ է և այլն:

«Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ ամեն անգամ, երբ պետք է որոշում կայացվի, և այդ որոշումը ոնց որ թե կառավարության կամ մեղադրող կողմի վերահսկողությունից դուրս է գալիս, անմիջապես մանիպուլյատիվ եղանակով նմանատիպ պրոցեսներ են ընթանում»,- նշեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունը դեկտեմբերի 19-ին տեսանյութ էր հրապարակել, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի «Մարտի 1-ի» դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։

Արամ Օրբելյանը պնդում է, որ որևէ գործընթացի միջամտություն չկա. «Աջակիցները տարբեր մարդիկ են, նույնը նաև հակառակորդները: Այսինքն՝ չպետք է դիտարկել, որ բոլորը մեկ տեղից հրահանգավորված գործընթաց են անում»:

Նրա խոսքով՝ տպավորություն է, որ սա բեմականացում է. «Ավտոմատ է դրված, ամառային շորերով, ոնց որ պրոֆեսիոնալ կամերաներով նկարահանվի: Բավականին շատ անհեթեթություններ կային: Ակնհայտ է, որ տեսանյութը նոր չի նկարահանվել: Ցավալի է, որ նոր են դրա մասին խոսում: Եթե ամառն այսպիսի բան է եղել, ակնհայտորեն այդ ժամանակ պետք է գործընթաց սկսվեր»:

2-րդ նախագահի պաշտպանի դիտարկմամբ՝ և´ Դատախազությունը, և´ քննչական մարմինները բազմիցս հայտարարել են, որ «Մարտի 1-ի» գործի Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հատվածը չի վերաբերում վիրավորներին, զոհերին. «Հետևաբար, վիրավորների կողմից ցուցմունք փոխելն ընդհանրապես գործի այս հատվածի վրա էական նշանակություն պետք է չունենա»:

Ըստ Արամ Օրբելյանի՝ երբ անձի ազատազրկման հարց է քննարկվում արդեն դատաքննության փուլում, այսինքն՝ գործը բացահայտելու խնդիր չկա, գործը դատարանում պաշտպանելու խնդիր կա, դրա ճիշտ մոդելը ոչ թե անձին կալանավորելն է, այլ այդ վկաներին պաշտպանելը:

«Տեսնում ենք, որ Ոստիկանությունը բացահայտում է ցանկացած միջամտություն՝ վկաների հետ կապված, հետևաբար, որևէ անձ պետք է կալանավորված չլինի: Ենթադրյալ խոչընդոտման ռիսկը վերացվում է»,- ասաց Արամ Օրբելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում