Դատարանը մերժեց գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը մերժեց գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Լուսինե Աբգարյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ գրավի դիմաց իրենց պաշտպանյալին ազատելու միջնորդությունը։

Դատավորի խոսքով՝ որոշումը ենթակա է բողոքարկման։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, նույնպես մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։

Նախորդ դատական նիստում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ներկայացրել էր Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։

Հայկ Ալումյանը նշել էր, որ ՄԻԵԴ-ն իր մի շարք վճիռներում արտահայտել է հետևյալ դիրքորոշումը՝ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը պետք է միշտ ազատվի նախնական կալանքից, բացառությամբ այն դեպքերի, եթե պետությունը կարող է ցույց տալ, որ գոյություն ունեն վերաբերելի և բավարար հիմքեր նրա շարունակական կալանավորումը հիմնավորելու համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում