«Փաստ». Ամուլսարի հարցը փակուղում է. ոչ ոք հետքայլ չի կատարում

«Փաստ». Ամուլսարի հարցը փակուղում է. ոչ ոք հետքայլ չի կատարում

«Ամուլսարի շուրջ կրքերը չեն հանդարտվում, ժամանակ առ ժամանակ ինչ-որ զարգացումներ են տեղի ունենում, բայց մի բան անփոփոխ է՝ ջերմուկցիները չեն լքում «պոստերը»՝ թույլ չտալով որևէ մեկի մուտքը Ամուլսարի տարածք։

Դեռ օրեր առաջ տարբեր խողովակներով լուրեր տարածվեցին, որ ոստիկանությունը բանակցում է ջերմուկցիների հետ Ամուլսարի ճանապարհները բացելու համար։

Իրականում նման հանդիպում ջերմուկցիների հետ տեղի ունեցել էր։ Փոխոստիկանապետը բարձրաստիճան ոստիկանների և Վայոց ձորի մարզպետի հետ այցելել էր Ջերմուկ, հանդիպել բնակիչներից ոմանց հետ, առաջարկել բացել ճանապարհները, որպեսզի «Լիդիան» ընկերությունը կարողանա ձմեռացման աշխատանքներ կատարել։

Հանդիպումից հետո ջերմուկցիները հանրային բաց քննարկում էին կազմակերպել, որպեսզի հարցի վերաբերյալ լսեն բնակիչների կարծիքը։ Իսկ ջերմուկցիները որոշել էին՝ թույլ չեն տա «Լիդիանին» մուտք գործել Ամուլսարի տարածք։ Հանրային քննարկումից անցել է մի քանի օր, հետաքրքիր է իմանալ՝ այս ընթացքում ինչպե՞ս են բնակիչների որոշմանն արձագանքել «Լիդիանից» և պետական գերատեսչություններից։

Ջերմուկ համայնքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ որևէ նոր բան չկա։

«Հանրային բաց քննարկումից հետո ո՛չ կառավարությունից, ո՛չ էլ նրանց կողմից մեզ այցելող բանախոսներից որևէ արձագանք չկա»,-նշում է Բունիաթյանը։

Հարցնում եմ՝ ամեն դեպքում որո՞նք էին Ամուլսարում «Լիդիանին» ձմեռացման աշխատանքներ թույլ չտալու հիմնական պատճառը և բնակիչների մտահոգությունները։

Բունիաթյանն ընդգծում է՝ այս հարցի վերաբերյալ ունի հիմնավոր կարծիք և իր մտահոգություններն արտահայտել է նաև հանրային քննարկման ժամանակ։ «Ամուլսարի տարածք մուտք գործելը ձմեռացման հետ ամենևին էլ կապ չուներ։

Անցած տարի դեկտեմբերին թույլ ենք տվել «Լիդիանին» կատարել ձմեռացման աշխատանքներ։ Տեսել ենք, որ այնտեղից համարյա ամեն օր բեռնատարներով տեղափոխվել է այն գույքի մեծ մասը, որը կարող էր վնասվել ձյան արդյունքում և պահեստավորվել ինչ-որ պահեստներում։

Դա ֆիքսել ենք, ունենք փաստերով։ Իրենք այն ժամանակ պնդում էին, որ այն տեխնիկան, որն այնքան էլ կարևոր չէ կամ ուղղակի հնարավոր չէ տեղափոխել, փաթեթավորել են։

Դրանից հետո Ամուլսարի տարածքում որևէ շինարարական աշխատանք չի իրականացվել, Վայքից տվյալ գույքը հետ չի բերվել Ամուլսար, որ նորից ձմեռացնելու կարիք լինի։

Այսինքն՝ անհասկանալի է, թե ինչու այնտեղ պետք է ձմեռացման աշխատանքներ կատարվեն»,-նշում է մեր զրուցակիցը։ Ակնհայտ է, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը որևէ կերպ չի կարգավորվում։ Մի կողմում ջերմուկցիներն են, որոնք ունեն հստակ որոշում՝ թույլ չեն տալու հանքի շահագործում, մյուս կողմում «Լիդիան» ընկերությունն է, որը ներկայացնում է իր փաստարկներն Ամուլսարի տարածքում հանքի շահագործման վերաբերյալ։

Երրորդ կողմում Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս կառավարության, որը, ժողովրդական խոսքով ասած, «մնացել է երկու քարի արանքում»։ Նա չի դիմում բռնի ուժով ճանապարհը բացելու սցենարին, քանի որ հասկանում է՝ դա ուղիղ հարված կլինի իր ժողովրդավար հեղինակությանը, բայց տարբեր հայտարարություններ վկայում են՝ կառավարության վրա կան ճնշումներ ամենատարբեր կողմերից։

Յուրաքանչյուրն ընտրել է հարցի լուծման իր ճանապարհը և մեկ քայլ անգամ հետ չի քաշվում դրանից։ Իսկ ինչպիսի՞ն կլինի, ի վերջո, հանգուցալուծումը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում