Կարեն Բեքարյան. Չգիտեմ՝ զանգն էլ ինչպես խփել, որ մի փոքր սթափվելու կարիք կա

Կարեն Բեքարյան. Չգիտեմ՝ զանգն էլ ինչպես խփել, որ մի փոքր սթափվելու կարիք կա

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Այսօր Հայաստանում խնդիրներ են բարձրաձայնվում, սակայն իշխանությունը որևէ անդրադարձ չի կատարում դրանց, այլ ընդամենը՝ ուղղակի օդում նետված ուղերձ, խոսք, բառը: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստանը 2020-ի նախաշեմին» քննարկմանն ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով, նպատակն այն է, որ հանրության լայն շրջանի մոտ, որն այդ թեմայով չի մտածում, չի խորանում, թողնել ֆոնային տպավորություն, որ որևէ դաշտում որևէ մեկի հետ հարց չունեն:

Խոսելով արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին, Կ. Բեքարյանն ասաց, որ տարիներ, տասնամյակներ տևած դիվանագիտական ողջ աշխատանքը բերել էր նրան, այն կետի, որտեղ միջազգային հանրության համար ինքնորոշման իրավունքը եկել է ընկալելի, դրա արտացոլումը Մադրիդյան սկզբունքներում ուղղակիորեն եղել է ամրագրված:

«Սա մեր երազանքի կարգավորման փաթե՞թն է: Ոչ, բնականաբար: Սա այն է, ինչ մենք կամ Ացախը ցանկանո՞ւմ ենք: Ոչ, բնականաբար: Բայց երբ հիշում ես, թե որ կետից ես սկսել, ուր ես եկել, հասկանում ես, որ դինամիկայում քո աշխատանքն արդյունք է տվել: Կարող է ոչ երազանքի արդյունքն իր չափի մեջ, բայց արդյունք տվել է: Հիմա գտնվում ենք դրա լրիվ հակառակ փուլում, ձեռք բերած արդյունքները ուղղակիորեն հերթով տապալելով ընթանում ենք:

Իշխանությունները բանակցային գործընթացում ստեղծել են իրավիճակ, որ տարիները կարող են չհերիքել հետ գալու այն կետին, որի վրա կանգնած ենք եղել մինչև այս իշխանության գալը:

Իշխանության է եկել մարդ, նրա հետ թիմ, որոնց Արցախյան հիմնախնդիրը, բանակցային գործընթացը, կարգավորման գործընթացը երբևէ չի հետաքրքրել: Բնականաբար, հետաքրքրված չլինելը, անտեղյակությունը ստեղծել են որոշակի ժամանակահատված Ադրբեջանին իր շահերը փորձելով այդ գործընթացում ավելի հետևողականորեն առաջ տանելու: Չիմացության արդյունքը, ամբիցիաների խնդիրը, ինստիտուտների անգործությունը որոշակիորեն բերել են նրան, որ Ադրբեջանի ու միջազգային հանրության կողմից որոշակիորեն ակնկալիք է ստեղծվել, որի չիրականացումն արդեն դիտվելու է ֆորսմաժորի տրամաբանության մեջ: Ակնկալիքի այդչափ բարձրացումը Ադրբեջանի ու միջագային հանրության մոտ իր հետ բերել է վտանգների բազմապատկում՝ պատերազմի հավանականություն, իհարկե, աճ»,-ասաց վերլուծաբանը:

Նա նշեց, որ Ադրբեջանը տարիուկեսվա ընթացքում ստեղծել է իմիջ, որ ինքը համբերատար սպասում է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների ավարտին, սակայն փոխարենն այդ ողջ ընթացքում իրականացրել է աշխատանք՝ շփման գծի երկայնքով, բանակցային օրակարգից իր համար անընդունելի, մերժելի կետերը վերացնելու, արտաքին աշխարհում իր իմիջը բարձրացնելու ուղղությամբ, այդ թվում՝ բանակցային գործընթացի և հակամարտության կարգավորման հարցով:

«Իսկ փոխարենը Հայաստանը սեփական հանրության մեջ մտցրել է այն կեղտոտ ցեցը, որ մեզ համար կենցաղից, լավ ապրելուց բացի ուրիշ բան կարևոր չէ, իսկ ինչը դուրս է դրանից, գլխացավանք է: Արցախին որպես սուբյեկտ հետևողական քայլերով վերացնում են: Բերված է իրավիճակ, որ մեր արտաքին և անվտանգային ողջ դաշտը խարխլված է, վտանգների ու մարտահրավերների առջև ահավոր դարձած թափանցիկ, բավականին անպաշտպան»,- ասաց Կարեն Բեքարյանը:

Նա ընդգծեց, որ չգիտի՝ զանգն էլ ինչպես խփել, որ մի փոքր սթափվելու կարիք կա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում