Նարեկ Սարգսյանը կալանավորվեց

Նարեկ Սարգսյանը կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Pastinfo.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան է տեղափոխվել Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը։ Վերջինս գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում