«Նոր Հայաստանի» իշխանությունները պատկերացում չունեն, թե ինչպես պետք է լուծել ԼՂ հիմնախնդիրը. սա ողբերգություն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

«Նոր Հայաստանի» իշխանությունները պատկերացում չունեն, թե ինչպես պետք է լուծել ԼՂ հիմնախնդիրը. սա ողբերգություն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «Նոր Հայաստանի» իշխանություններն ընդհանրապես ոչ մի պատկերացում չունեն, թե ինչպես պետք է լուծել ԼՂ հիմնախնդիրը, ինչ ստրատեգիա որդեգրել բանակցային պրոցեսի մեջ: Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեվերջյան ամփոփիչ քննարկմանն ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Ցավոք սրտի, սա ողբերգություն է, այդ մարդիկ պատահական մարդիկ են: Այս հիմնախնդիրն իրենց պրակտիկորեն ոչ մի անգամ չի հետաքրքրել, իրենք զբաղվել են միայն մարդու իրավունքներով, սոցիալական խնդիրներով և մտքներով չի անցել անգամ, որ մի պահ կարող է լինեն իշխանության մեջ և այդ պատասխանատվությունն իրենց վրա մնա: Դրա համար իրենց թիվ մեկ խնդիրն է դարձել Արցախին դարձնել բանակցային հիմնական կողմ, որպեսզի իրենք այդ պատասխանատվությունից դուրս գան»,– նշեց Երվանդ Բոզոյանը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար, ըստ քաղաքագետի՝ Հայաստանին պետք է ոչ թե «թղթե, այլ երկաթե շերեփ»: Նրա խոսքով՝ «երկաթե շերեփ» նշանակում է ունենալ ուժեղ, հզոր երկիր, բարձր որակի քաղաքական վերնախավ և տնտեսական համակարգ:

«Որպեսզի մենք կարողանանք Ղարաբաղի հարցում հաջողության հասնել, մենք պետք է դառնանք ուժեղ, հզոր երկիր: Մեզ պետք է, որ սառեցվի այս խնդիրը, 20-30 տարի և այդ ընթացքում դառնանք այնքան հզոր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լինի դիսպրոպորցիա (անհամաչափություն), ինչպես Պաղեստինի և Իսրայելի միջև: Այլ տարբերակ չկա, մնացածն ինքնախաբեություն է, դիվանագիտական հարթակում մենք հաջողության չենք հասնի, սա խաբկանք է»,- ասաց նա:

Երվանդ Բոզոյանի խոսքով՝ Մադրիդյան սկզբունքները թույլ են տալիս ժամանակ շահել և հաջողության հասնել:

«Եթե չլինեին մադրիդյան սկզբունքները, մենք այդ ժամանակը չէինք ունենա: Մենք այդ շանսը պետք է գնահատենք, հարգենք այն մարդկանց ովքեր մեզ այդ շանսը տվել են և պետք է այդ շանսի վրա իսկապես կառուցենք նոր ռազմավարություն: Քանի դեռ կա պարիտետ (հավասարիրավություն) Հայաստանի և Ղարաբաղի միջև, Մադրիդյան խնդիրը տալիս են շանս սառեցնելու այս խնդիրը: Սառեցնելը շահավետ է մեզ, որովհետև մենք, ըստ էության, ոչ մի զիջման չենք գնում, շանս ենք ստանում ժամանակ շահել և որպես պետություն հզորանալ այնքան, որ մենք կարողանանք պարիտետը փոխել Ադրբեջանի հետ»,- նշեց քաղաքագետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում