Էրդողանը հաստատել է Թուրքիայի և Լիբիայի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ հուշագիրը

Էրդողանը հաստատել է Թուրքիայի և Լիբիայի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ հուշագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև ռազմական համագործակցության վերաբերյալ հուշագիրը: Այս մասին տեղեկացնում է Resmi gazete պարբերականը:

Այսպիսով՝ փաստաթուղթը Թուրքիայի կողմից վերջնականապես վավերացվել է:

Ավելի վաղ փաստաթուղթը հավանության էր արժանացել Թուրքիայի խորհրդարանի և Թուրքիայի միջազգային գործերի հանձնաժողովի կողմից:

Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 28-ին, Ստամբուլում: Այն նախատեսում է զինծառայողների վերապատրաստում և ուսուցում, իրավական բազայի ձևավորում, ինչպես նաև երկու երկրների զինծառայողների հարաբերությունների ամրապնդում:

Երկու կողմերի միջև ստորագրվել էր նաև ծովային սահմանների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որն արժանացել է Հունաստանի կտրուկ արձագանքին:

Լիբիայում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում