Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմելու են Վճռաբեկ դատարան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմելու են Վճռաբեկ դատարան

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները խափանման միջոցի փոփոխության հարցով դիմելու են Վճռաբեկ դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Այսօր ստացել ենք Վերաքննիչ դատարանի որոշումը և, իհարկե, անպայման դիմելու ենք Վճռաբեկ դատարան»,- նշել է Ալումյանը:

Դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Լուսինե Աբգարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքը:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը դեկտեմբերի 18-ին մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը դատավորին:

Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում